Ներքին գործերի նախարարության ձեւավորման օրենսդրական փաթեթով նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ փոխվարչապետի որոշմամբ հաստատվել է «Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների վերապատրաստման կարգը»։
Տեղեկացնում ենք, որ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կանոնադրության հաստատման ուժով ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունը դադարեցրել է իր գործունեությունը ոստիկանությունում եւ համարվում է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության մաս։
Ըստ հաստատված կարգի՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ողջ անձնակազմը տասը ամիսների ընթացքում կվերապատրաստվի ծառայության մասնագիտական թեմաներով՝
• քաղաքացիության հարցեր,
• օտարերկրացիներին վերաբերող կարգավորումներ,
• ապաստան և փախստականներ,
• ռեադմիսիա,
• անձնագրային ծառայություններ,
• բնակչության ռեգիստրի հետ աշխատանք,
• աշխատանք փաստաթղթերի և տվյալների շտեմարանների հետ,
• սահմանային հսկողություն,
• ինչպես նաև սպասարկման և հաղորդակցության հմտություններ:
Երկշաբաթյա դասընթացից հետո յուրաքանչյուր աշխատակից անցնելու է թեստավորում: Թեստավորման փուլի համար սահմանված ներքին շեմը հաղթահարած մասնակիցների շրջանում անցկացվելու է հարցազրույց՝ Ներքին գործերի նախարարի հրամանով ձևավորվելիք հանձնաժողովի կողմից:
Վերապատրաստումն անցած աշխատակիցները կնշանակվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համապատասխան պաշտոններում:
Կարգն ուժի մեջ է մտնելու ապրիլի 1-ից, վերապատրաստման գործընթացը տևելու է տասը ամիս:
Վերապատրաստումն իրականացվում է Եվրոպական միության և Միգրացիայի միջազգային կազմակերպության գործընկերների աջակցությամբ:
Փոխվարչապետի որոշում
Վերապատրաստման կարգ