Տեղեկատվություն ստանալու կարգ

Ինչպե՞ս ստանալ տեղեկություն

Տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, որը սահմանում է տեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվություն տնօրինողների՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց իրավասությունը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու կարգը, ձևերը և պայմանները:

Ի՞նչ է տեղեկատվության ազատությունը
Տեղեկատվության ազատությունը՝ տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և դա տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումն է:

Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել տեղեկություն ստանալու համար
Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։
Օտարերկրացիները «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավունքներից և ազատություններից կարող են օգտվել միայն օրենքով և (կամ) միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում:

Ե՞րբ կարող է սահմանափակվել տեղեկատվության ազատությունը
Տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում:

Ե՞րբ կարող է մերժվել տեղեկության տրամադրումը
Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝
• պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք,
• խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը,
• պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները,
• բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք),
• խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները։
Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:

Ե՞րբ չի կարող մերժվել տեղեկության տրամադրումը
Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա՝
• վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաև տարերային (ներառյալ՝ պաշտոնապես կանխատեսվող) աղետներին և դրանց հետևանքներին,
• ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը,
• չտրամադրելը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա։

Ինչպե՞ս լրացնել գրավոր հարցումը
Գրավոր հարցման մեջ նշվում է դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը: Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի (իրավաբանական անձի դեպքում՝ դրա անվանումը, գտնվելու վայրը)։

Ե՞րբ պատասխան չի տրվում գրավոր հարցմանը
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գրավոր հարցմանը պատասխան չի տրվում, եթե՝
• դա չի պարունակում դիմողի վերաբերյալ օրենքով սահմանված բոլոր տվյալները,
• պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են,
• դա նույն անձի կողմից նույն տեղեկությունն ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է, բացառությամբ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի։
Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը։

Ի՞նչ ժամկետներում և ինչպե՞ս է տրվում գրավոր հարցման պատասխանը

Հարցման պատասխանը տրվում է հետևյալ ժամկետներում.
• եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում,
• եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում,
• եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում: Այդ մասին հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։
Գրավոր հարցման պատասխանը տրվում է հարցման մեջ նշված տարբերակով: Եթե այն նշված չէ և անհնար է օրենքով սահմանված ժամկետում պատասխանել, ապա գրավոր հարցման պատասխանը տրվում է տեղեկությունը տնօրինողին ընդունելի նյութական կրիչով։

Ո՞ւմ բողոքարկել տեղեկության տրամադրման մերժման պարագայում
Տեղեկության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել լիազորված պետական կառավարման մարմին կամ դատարան:

***

ՀՀ Ներքին գործերի նախարարությունում տեղեկատվության ազատության ապահովման

պատասխանատու պաշտոնատար անձ

ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար,

ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ

  Նարեկ Վահագնի Սարգսյան

 Հեռ. 011-52-38-58

    Էլ. փոստ.  mia@gov.am