Այսօր Ազգային ժողովում քննարկվել է ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ձևավորման և վերջիններիս կադրային համալրումը քրեական ոստիկանի պատրաստման գործընթացով, բաց մրցույթով ապահովելուն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը։ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդգծեց, որ նպատակ ունենալով շարժվել պրոֆեսիոնալ և մասնագիտացված ծառայություն ստեղծելու ճանապարհով՝ մոտեցում է ձևավորվել մարզերում, ինչպես նաև Երևանում ունենալ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ՝ ուղղաձիգ կառավարմամբ գործող տարածքային ստորաբաժանումներ, որոնց կվերապահվի ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը: Նա փաստել է, որ Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ձևավորումից հետո մարզային վարչությունները կլուծարվեն: Փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ստորաբաժանումների ձևավորման համար առաջին փուլով առաջարկվում է ունենալ բաց մրցույթ, ինչպիսի փորձ եղել է Պարեկային ծառայության դեպքում։ Բաց մրցույթին հավասար հիմունքներով կարողանալու են մասնակցել և՛ քաղաքացիները, և՛ ոստիկանության աշխատակիցները։ Բակալավրի որակավորում ունեցող անձը քրեական ոստիկանի պաշտոնի կնշանակվի միայն ՆԳՆ ուսումնական հաստատությունում քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստանալուց հետո։ Գործընթացը կլինի մեկանգամյա կիրառման, քանի որ ակնկալվում է Ոստիկանության համակարգ մուտք գործելն ապահովել բացառապես բազային կրթական կուրսի կազմակերպման եղանակով։ Այս մեխանիզմով պաշտոնի նշանակված անձինք կհամարվեն ատեստացիան անցած և կստանան հավելավճար։ Բացի այդ, օպտիմալ և արդյունավետ կառավարման ապահովման նպատակով՝ նախագծում առաջարկվում է սահմանել, որ Ոստիկանությունում պարեկային ծառայության, քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե կհանդիսանան Ոստիկանության պետի տեղակալներ։ Ըստ այդմ՝ առանձին տեղակալի օղակ չի լինի։ Այս նախաձեռնությունից զատ, քննարկվել է նաև Ոստիկանության հենասյունային ուղղություններից մյուսի՝ Համայնքային ոստիկանության վերաիմաստավորմանը վերաբերող օրենսդրական նախաձեռնությունը։