Հունվարի 21-ին Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում մեկնարկեց պարեկային նոր ստորաբաժանումների ծառայությունը։ Արագածոտնի մարզի պարեկների ծառայության մեկնարկին նվիրված միջոցառումը տեղի ունեցավ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՆԳՆ տեղակալներ Արփինե Սարգսյանը, Արամ Հովհաննիսյանը, Դավիթ Համբարյանը, Կամո Ցուցուլյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, իրավապահ կառույցների մարզային ստորաբաժանումների ղեկավարներ և այլ պաշտոնատար անձինք։
«Հունվարի 19-ին տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվել են զինծառայողներ, զոհվել են Հայաստանի Հանրապետության զավակները, զոհվել են մեր զավակները, մեր սիրասունները։ Նախ մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը։
Երբ որ մենք խոսել ենք Հայաստանի Հանրապետությունում Պարեկային ոստիկանության հիմնադրման մասին, սկզբունքային կարևոր նշանակություն է ունեցել, որ Պարեկային ոստիկանությունում ամեն ինչ պետք է լինի նոր՝ սկսած ավոտմեքենաներից, հագուստից, բայց ամենակարևորը՝ մտածողությունն է: Մենք պետք է Պարեկային ոստիկանության և, ընդհանրապես, ամեն նոր կառույցի հետ բերենք նոր մտածողություն: Մենք այսպես ենք վարվում կրթության ոլորտում, մենք այսպես ենք վարվում իրավակարգի ոլորտում, մենք այսպես ենք վարվում Զինված ուժերի ոլորտում: Սա չափազանց կարևոր մոտեցում է, և ուզում եմ, որ այս տրամաբանությամբ առաջնորդվենք մեր հետագա ամեն քայլը պլանավորելիս և իրագործելիս, որովհետև, ինչպես ասված է Կտակարանում՝ Նոր գինին հին տիկերի մեջ չի լինի տեղավորել։ Հիմա արդեն ակնհայտ է, որ մեզ համար կարևորագույն նշանակություն ունեցող Ոստիկանության, Փրկարար ծառայության, Ներքին գործերի համակարգի վերնագրի ներքո իրականացվող բարեփոխումներն ընթանում են շատ հաջող և մենք պետք է վճռականորեն ավելի որակյալ դարձնենք այս բարեփոխումները: Խստորեն հետևել իրավակարգին, օրենքին և, միևնույն ժամանակ, խստորեն հետևել մարդու իրավունքների պաշտպանությանը, նրանց արժանապատվության պաշտպանությանը, հարգմանը և ամեն քայլափոխի լավություն անել մարդկանց այն տրամաբանությամբ, որ կարգազանցին կարգի հրավիրելը, օրինազանցի նկատմամբ համապատասխան օրինական պատժի և պատժամիջոցի կիրառելը, ընդհուպ ուժային գործողություն կիրառելը լավություն է մարդուն, անհատին, քաղաքացուն, հանրությանը, պետությանը։ Եվ այս ուղերձով եմ ձեզ այսօր ճանապարհում ծառայության։ Հաջողություն եմ մաղթում բոլորիս», – նշեց Վարչապետ Փաշինյանը։
Ելույթ ունեցավ նաև ՆԳ նախարարը։ Վահե Ղազարյանը նշեց, որ արդեն ազդարարված է ոստիկանության բարեփոխումների ծրագրի հերթական փուլի մեկնարկը։ Այն կոչված է նորովի կազմակերպելու իրավապահ գործունեությունը արդեն Արագածոտնի մարզում: ՆԳ նախարարն ընդգծեց, որ ոստիկանությունը պետք է լինի արդիական, առավելագույնս արագ և արդյունավետ արձագանքի բոլոր իրավիճակներին, քաղաքացիներին պետք է ներկայանա նոր կերպարով, լինի բարեվարք, պրոֆեսիոնալ և հանրությանը ազնվիրաբար ծառայող: Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց կառավարությանը, միջազգային գործընկերներին և հանրությանը՝ պարեկային ծառայության կայացման և զարգացման գործում օժանդակության ու աջակցության համար: «Բոլորիդ մաղթում եմ արդյունավետ ընթացք ձեր աշխատանքում: Վստահ եղեք, որ ունեք Ներքին գործերի նախարարության լիակատար աջակցությունը։ Բարի երթ Ձեզ»,- ամփոփեց Վահե Ղազարյանը։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Վահե Ղազարյանը զրուցեցին պարեկների հետ, ծանոթացան պարեկային մեքենաների տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին, ինչպես և եղան պարեկային ծառայության Արագածոտնի մարզի ստորաբաժանման օպերատիվ կառավարման կենտրոնում, ծանոթացան նորաստեղծ կենտրոնի աշխատանքին։
Հաջորդ միջոցառումն անցկացվեց Հրազդանում։ Քաղաքի Սահմանադրության հրապարակում ծառայության մեկնարկից առաջ շարվել էին պարեկային ծառայության Կոտայքի մարզը սպասարկող ստորաբաժանման ոստիկանները։ Այստեղ ևս ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը։ Այնուհետև վարչապետ Փաշինյանը հանդես եկավ ելույթով։
«Հարգելի ներկաներ, Հայաստանի Հանրապետությունում պարեկային ոստիկանության ներդրման, այժմ արդեն անշրջելի այս գործընթացի համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք ներդրում են ունեցել այս գործում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, ովքեր այս ընթացքում աջակցել են գործընթացին և քաջալերել են այն։ Այստեղ պիտի ընդգծեմ, որ մեր միջազգային գործընկերների ցուցաբերած նյութական աջակցությունը թեև շատ կարևոր, բայց ամենագլխավոր գործոնը չէ։ Շատ ավելի կարևոր է հասանելիությունը միջազգային գործընկերների կողմից ընձեռվող այն ստանդարտներին, որոնք գոյություն ունեն առաջավոր աշխարհում»։
Վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել Պարեկային ոստիկանությունում ծառայության անցած կանանց, որովհետև, նրա կարծիքով, նրանք այդ նոր ստանդարտի և այդ նոր մտածողության ներդրողներն են. «Ես ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել նրանց ընտանիքների անդամներին, նրանց միջավայրին, շրջապատին, որ քաջալերել են գնալ և չվախենալ խեթ հայացքներից, խեթ կարծիքներից, տարակուսանքներից։ Եվ մենք պետք է շարունակաբար Պարեկային ոստիկանությունում, ընդհանրապես ոստիկանությունում, բանակում, պետական ծառայությունում, տնտեսական կյանքում, հանրային-քաղաքական կյանքում ավելի ու ավելի մեծացնենք կանանց ներգրավվածությունը։
Հարգելի ներկաներ, հարգելի պարեկներ, ձեզ՝ բոլորիդ, մաղթում եմ բարի ծառայություն հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ազատության և օրինականության, հանուն ժողովրդավարության և օրենքի առաջ բոլորի հավասարության։ Բարի երթ և բարի ծառայություն», – ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ելույթ ունեցավ նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ նշելով, որ ոստիկանության բարեփոխումների նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանության վերափոխումն է, որը բնորոշ է ժողովրդավարական իրավակարգին՝ հավելելով, որ պարեկային ծառայության ստեղծումը այդ նպատակին հասնելու առաջին քայլն է եղել, որի շրջանակներում ոստիկանության փորձառու ծառայողները և քաղաքացիական անձինք համախմբվել են՝ նոր շնչով, նոր որակով ապահովելու ծառայությունը օրենքին, իրավակարգին և հանրությանը։ ՆԳ նախարարը համոզմունք հայտնեց, որ Կոտայքի մարզի պարեկները լիարժեք կկատարեն առաջադրված բոլոր խնդիրները և կապահովեն որակական նոր նշաձող, որն անընդհատ կթարմացվի ծառայության արդյունավետ գործունեությամբ։ «Ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից վստահեցնում եմ, որ ծառայության մեկնարկին զուգահեռ շարունակելու ենք հավաքագրել և հասցեագրել այն բոլոր խնդիրները, որոնք ի հայտ կգան ծառայության ընթացքում՝ ապահովելով դրանց լուծումը։ Բարի երթ և անփորձանք ծառայություն եմ մաղթում Կոտայքի մարզի պարեկային ոստիկանությանը», – ելույթը եզրափակեց Վահե Ղազարյանը։
Պաշտոնատար անձինք Հրազդանից մեկնեցին Սևան` պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզը սպասարկող ստորաբաժանման ծառայության մեկնարկը տալու։ Հնչեց ՀՀ պետական օրհներգը, ապա ներկաները 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին։
«Այսօր ծառայության անցնող մեր պարեկային ոստիկաններին հաջողություն եմ մաղթում և ուզում եմ հավատալ, որ նրանց գործունեության ընթացքում օրինականության մակարդակն ու որակը նաև Գեղարքունիքի մարզում կփոխվի։ Շատ կարևոր է ընդգծել, որ 2022 թվականին մենք ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու վիրավորների թվաքանակի շոշափելի նվազում ենք ունեցել, ոչ միայն 2021, այլև 2019 թվականների համեմատ։ 2020 թվականը վիճակագրության մեջ մենք համեմատության մեջ չենք դնում, որովհետև մի քանի ամիս երթևեկություն ընդհանրապես չի եղել, լոքդաուն է եղել քովիդի պատճառով։ Մենք սա կապում ենք նաև այն բարեփոխումների հետ, որ իրականացնում ենք ոստիկանությունում։ Ներքին գործերի նախարարությունն է ստեղծվել, և նաև 4 մարզերում պարեկային ծառայության գործարկմամբ մենք հույս ունենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի և վիրավորների թիվը կնվազի։ Ես ուզում եմ, որ Պարեկային ոստիկանությունը և, ընդհանրապես, մեր Ոստիկանությունը քաղաքացու հետ համագործակցության շատ ուժեղ և լուրջ ավանդույթ ձևավորի, որովհետև բոլորս պիտի ելնենք այն իրողությունից, որ այն, ինչ անում է Ոստիկանությունը, այն, ինչ անում է Պարեկային ոստիկանությունը, հանուն քաղաքացու է, հանուն պետության է, հանուն իրավունքի է», – նշեց ՀՀ Վարչապետը։
«Պարեկային ծառայությունն արդեն տևական ժամանակ գործում է մայրաքաղաքում ու մարզերում, բայց յուրաքանչյուր տարածաշրջան իր առանձնահատկություններն ունի, քաղաքացիների հետ աշխատելու իր նրբությունները, հասարակական կարգի ապահովման յուրահատկությունները»,- իր խոսքն այսպես սկսեց ՆԳ նախարարը՝ ընդգծելով, որ Գեղարքունիքի մարզը հանրապետության կարևոր զբոսաշրջային գոտիներից է, ինչը ենթադրում է ամենօրյա աշխատանք ոչ միայն մեր քաղաքացիների, այլև զբոսաշրջիկների հետ: Վահե Ղազարյանը համոզմունք հայտնեց, որ Գեղարքունիքի պարեկային ոստիկանությունը լիարժեք կկատարի առաջադրված բոլոր խնդիրները՝ հավելելով, որ առաջիկայում Գեղարքունիքի մարզում կներդրվի նաև ջրային պարեկային ծառայությունը, որը նոր ասելիք կունենա Սևանա լճի անվտանգության ապահովման գործում։ «Արդյունավետ աշխատանք մաղթելով բոլորիդ՝ վստահեցնում եմ, որ ձեր ծառայությունը միշտ լինելու է Ներքին գործերի նախարարության, Ոստիկանության ուշադրության կենտրոնում և ըստ արժանվույն գնահատված»,- ամփոփեց ՆԳ նախարարը:
Վերջին միջոցառումն Իջևանում էր՝ պարեկային ծառայության Տավուշի մարզը սպասարկող ստորաբաժանման ծառայության մեկնարկի առթիվ։ Վարչապետ Փաշինյանի ելույթից առաջ ներկաները 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին։
««Պիտի համոզմունք հայտնեմ, որ այս ծառայության մուտքով, ինչպես Տավուշի, այնպես էլ մյուս մարզերում, իրավակարգի, քաղաքացի-պետություն, քաղաքացի-ոստիկան հարաբերությունների նոր մակարդակ ենք ունենալու։ Այն, ինչ ասել եմ այսօր Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, բնականաբար չի վերաբերում միայն տվյալ մարզին, այլև վերաբերում է ընդհանրապես ամբողջ հանրապետությանը և բոլոր տեղերում Ոստիկանության բոլոր ծառայողներին: Ցանկանում եմ կրկնել, որ որևէ մեկին կարգի հրավիրելով` դուք նրան վատություն չեք անում, այլ հակառակը, լավություն եք անում նրան և հանրության մյուս անդամներին, որոնց իրավունքների և անվտանգության ապահովումը ներքին առումով ձեր առաջնահերթ պարտականությունն է։
Ուզում եմ մաղթել, ցանկանալ, հանձնարարել և հրամայել, որ ձեր ձեռքը կաշառքի չկպչի։ Սա շատ կարևոր է, որովհետև կոռուպցիան ավերում է երկիրը, կոռուպցիան երկիրը զրկում է ապագայից, և դուք սա պետք է իմանաք։
Մեզ պետք է հարաբերությունների նոր որակ՝ փոխադարձ հարգանքի, միմյանց արժանապատվությունը հարգելու, բայց՝ նաև օրենքի անառարկելիությունը կյանքի կոչելու ճանապարհով», – նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ելույթ ունեցավ նաև ՆԳ նախարարը։ Վահե Ղազարյանը փաստեց, որ պարեկային ծառայության արդեն Տավուշի մարզում մեկնարկելը թույլ է տալիս արձանագրել, որ հետևողականորեն իրագործվում են նոր ոստիկանություն ձևավորելու տեսլականը, ինչը հարիր է այն ժողովրդավարական մակարդակին, որն այսօր արձանագրում է Հայաստանի Հանրապետությունը։ Վահե Ղազարյանը ներկաներին հիշեցրեց, որ ինչպես մայրաքաղաքի և մյուս մարզերի դեպքում, այնպես էլ Տավուշի մարզի պարեկային ոստիկանության ծառայողներն անցել են հնգամսյա ուսուցում, որի պրակտիկ հատվածի վրա կատարված շեշտադրումը թույլ է տալիս վստահ ասել, որ Տավուշի պարեկները կկարողանան լիարժեքորեն և պատշաճ ծառայել իրավակարգին և օրենքին, կատարել իրենց առջև դրված խնդիրները։ «Վստահ եղեք, որ ունեք Ներքին գործերի նախարարության և անձամբ իմ լիակատար աջակցությունը։ Բարի երթ և անփորձանք ծառայություն եմ մաղթում Տավուշի մարզի պարեկային ոստիկանությանը»,- խոսքը եզրափակեց Վահե Ղազարյանը։
Այնուհետև Վարչապետ Փաշինյանն ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ծանոթացան պարեկային մեքենաների տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին, ինչից հետո Տավուշի պարեկները ևս անցան ծառայության։