Փետրվարի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանիին և ծրագրի ոստիկանության գծով ավագ խորհրդատու Կառա Ռոուզին։
Ողջունելով հյուրերին՝ Սարգսյանը մատնանշել է ծրագրի աջակցությամբ ոստիկանության բարեփոխումների մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքները, որոնց շնորհիվ արդեն իսկ արձանագրվում են դրական արդյունքներ։
Ներքին գործերի նախարարի տեղակալը, կարևորելով ձևավորված սերտ հարաբերությունները, փոխգործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։
Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել են համատեղ իրականացրած աշխատանքների շնորհիվ ձևավորված պարեկային ծառայության գործունեության, արձանագրած հաջողությունների մասին՝ պատրաստակամություն հայտնելով լսել նաև հնարավոր խնդիրները, ինչպես նաև այս պահին առկա կարիքները։
Կողմերը քննարկել են նոր ձևավորվելիք ջրային պարեկային ծառայության ուղղությամբ նախատեսվող օրենսդրական փոփոխությունների, ենթակառուցվածքների ստեղծման ու ջրային տեխնիկայի ձեռքբերման մասին հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև մարզերում ձևավորվելիք քրեական ոստիկանության ստորաբաժանումների ու ոստիկանական գվարդիայի գործունեության, կադրային քաղաքականության և այլ իրավապահ կառույցների հետ փոխգործակցությանը վերաբերող հարցերին։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակելու վերաբերյալ։