Շարունակելով Ներքին գործերի նախարարության ոլորտային քաղաքականության հարցերի շուրջ փորձագիտական քննարկումների շարքը՝ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի համակարգմամբ կայացել է ՆԳՆ ենթակայությամբ մեկ միասնական կրթահամալիրի ձևավորմանն ուղղված փորձագիտական քննարկում։
Փոխնախարար Սարգսյանը նշել է, որ նախարարության ենթակայությամբ մեկ միասնական կրթահամալիրի ձևավորումը և կրթական միջավայրի հիմնովին փոփոխումը թույլ կտա ըստ ռազմավարական կարիքի ապահովել ներքին գործերի բնագավառում համապատասխան կադրերի պատրաստումն ու նրանց կարողությունների հետագա զարգացումը, ծառայողական առաջախաղացումն իրականացնել հստակ չափանիշներով, կրթական խողովակով անցնելու պայմաններում։ Նա փաստել է, որ ներկայում ուսումնասիրվում են Ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կարողությունները, միացման պայմաններում կառուցվածքային և կառավարման հնարավոր մոտեցումները։
ԵԱՀԿ «Անվտանգության ոլորտի կառավարման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանն իր հերթին՝ վերահաստատելով ԵԱՀԿ պատրաստակամությունը Ներքին գործերի նախարարության ստեղծման շրջանակներում փորձագիտական աջակցություն տրամադրելու հարցում, կարևորել է քաղաքականության մշակման մասնակցային գործընթացի շարունակականությունը:
Հանդիպման շրջանակներում ծավալվել է ակտիվ քննարկում ԵԱՀԿ աջակցությամբ Հայաստան ժամանած էստոնացի փորձագետ Լաուրի Տաբուրի մասնակցությամբ, էստոնական փորձի համադրմամբ դիտարկվել են ՆԳՆ կրթահամալիրի կառավարմանը, նախարարություն-ծառայություն-կրթահամալիր կապին, կրթահամալիրի ղեկավար կազմի ընտրությանը, վարչական հատվածը քաղաքացիական անձանցով համալրելուն, կադրերի պատրաստման համար բազային կուրսի նախատեսմանը, կադրային առաջխաղացման գործընթացում պարտադիր կրթական խողովակով անցնելուն առնչվող մի շարք հարցեր, նախանշվել են լուծումներ։
Քննարկումը կազմակերպվել է Ներքին գործերի նախարարության կողմից` ԵՄ «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում տրամադրվող ԵԱՀԿ փորձագիտական աջակցությամբ: