ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները պատասխանեցին նաև լրագրողներին հուզող հարցերին։
Փետրվարի 20-ին ՆԳՆ մամլո սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ Թուրքիայում և Սիրիայում իրենց առաքելությունն ավարտած փրկարարների աշխատանքի կապակցությամբ:
Մասնակցում էին ՆԳՆ փրկարար ծառայության իրավասու պաշտոնատար անձինք՝ փրկարար ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանը, ՃԿԱ կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ Գարի Արմաղանյանը, հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հրամանատար Հայկ Նաղդալյանը, նույն կենտրոնի փրկարարական ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանը։
Բացման խոսքով հանդես եկավ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Այնուհետև, Գարի Արմաղանյանը ներկայացրեց միջազգային որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերի օրեր տևած աշխատանքը Թուրքիայի Ադիյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում։
Փրկարար ծառայության փոխգնդապետը, ներկայացնելով աղետի գոտում շուրջ մեկ շաբաթ տևած որոնողափրկարարական գործողությունների մանրամասները, ընդգծեց, որ հայ փրկարարները, համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի հետ, Թուրքիայում փլատակներից դուրս են բերել 3 տուժածի։
Բացի այդ, լայնածավալ որոնողական, այդ թվում՝ կինոլոգիական խմբերով, իրականացված աշխատանքների արդյունքում երկու երկրներում փլատակներից դուրս են բերվել ընդհանուր զոհերի 20 մարմիններ։