Փետրվարի 22-ին կայացավ «Հանցագործությունների կանխարգելման պրակտիկայի և բարեփոխումների վերաբերյալ եվրոպական և տարածաշրջանային միտումները և հնարավորությունները Հայաստանի համար» թեմայով համաժողով, որին մասնակցում էր ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Արփինե Սարգսյանն իր բացման խոսքում ողջունելով մասնակիցներին՝ շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին տարբեր ուղղություններով աջակցության համար, ինչի շնորհիվ արդեն իսկ գրանցվում են դրական արդյունքներ։
Փոխնախարար Սարգսյանը նշեց, որ այս համաժողովը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ նոր երկխոսություն բացելու հնարավորություն է, որի շրջանակներում հնարավոր կլինի ներպետական կոնտեքստի հաշվառմամբ մշակել Հայաստանի Հանրապետության համար հանցագործությունների կանխարգելման վերաբերյալ նոր մեթոդաբանություն։
Խոսելով հանցագործությունների դեմ պայքարի գործիքակազմի բարելավման մասին՝ Ներքին գործերի նախարարի տեղակալը շեշտեց օրենսդրական, գործառնական փոփոխությունների կարևորությունը։ Արփինե Սարգսյանը հատուկ ընդգծեց նաև իրազեկման լայն արշավների անհրաժեշտությունը, որոնց շնորհիվ կբարձրանա հանրության իրավագիտակցության մակարդակը։
Փոխնախարար Սարգսյանը կարևորելով միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշեց, որ անդրսահմանային հանցավոր գործունեության դեմ պայքարում համագործակցությունն ընդլայնելու նպատակով 2021 թվականին Հայաստանը և Եվրոպոլը ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր, իսկ այս տարի նախատեսվում է ստորագրել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության և Եվրոպական միության իրավապահ համագործակցության գործակալության միջև անվտանգ կապերի հաստատման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, կառույցների միջև գաղտնի տեղեկատվության փոխանակման և պաշտպանության մասին, ինչպես և կապի սպայի տեղակայման վերաբերյալ համաձայնագրերը։
Ներքին գործերի նախարարի տեղակալը հանցագործությունների դեմ պայքարի և համայնքամետ ոստիկանական օղակի կարողությունների հզորացման շրջանակներում շեշտեց նաև իրավապահ կառույցների միջև սերտ համագործակցության կարևորությունը, քանի որ որևէ օղակի չգործելը դոմինոյի էֆեկտով կհանգեցնի գործիքակազմի անարդյունավետության։ Ելույթի ավարտին Արփինե Սարգսյանը համաժողովի մասնակիցներին կառուցողական քննարկումներ մաղթեց։
Ելույթ ունեցան նաև ՀՀ Արդարադատության նախարարության, ԵՄ պատվիրակության և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներ։
Համաժողովի ընթացքում միջազգային փորձագետները, մոդերատորներն ու բանախոսները ներկայացրին հանցագործությունների կանխարգելման վերաբերյալ եվրոպական հաջողված պրակտիկան, այդ ուղղությամբ արդյունավետ փորձը Նիդեռլանդներում և Վրաստանում։
Կայացան փողերի լվացման, կիբերհանցագործությունների կանխարգելման և այլ հանցագործությունների դեմ պայքարի թեմաներով պանելային քննարկումներ։
Ոստիկանության կողմից հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման և բացահայտման, ինչպես նաև հասարակական անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացման թեմաներով զեկույցով հանդես է եկել ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳՎ հասարակական կարգի ապահովման վարչության համայնքային ոստիկանության համակարգման բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Յուրիկ Ղորղանյանը։
Համաժողովը կազմակերպվել էր ԵՄ ֆինանսավորմամբ Եվրոպայի խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ։

Նմանատիպ գրառումներ