Մարտի 7-ին տեսակապի ձևաչափով քննարկում է տեղի ունեցել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, ԵԱՀԿ քարտուղարության ղեկավարի տեղակալՏուուլաՅռյոլայի միջև։ Քննարկմանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և շտաբի պետ Արմեն Մկրտչյանը։
Տուուլա Յռյոլան, ողջունելով Վահե Ղազարյանին, նախ շնորհավորել է ՆԳ նախարարության ձևավորման և նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ Նա բարձր է գնահատել Հայաստանի Կառավարության որդեգրած բարեփոխումների ընթացքը։ Այդ համատեքստում ընդգծել է ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումները որպես Հայաստանում ընթացող բարեփոխումների առանցքային բաղադրիչ՝ հավաստիացնելով, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը։
Հայաստանի ՆԳ նախարարը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և ջերմ բարեմաղթանքների համար, իր հերթին բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի հետ ձևավորված վաղեմի և արդյունավետ համագործակցությունը, որը հատկապես վերջին տարիներին վերընթաց հունով է զարգացել։ Վահե Ղազարյանը, ներկայացնելով նախարարությունում ընթացող բարեփոխումները, շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին և հատկապես ԵԱՀԿ-ին՝ իրականացրած աշխատանքների ու բարձրորակ փորձագիտական աջակցության համար՝ ընդգծելով բարեփոխումների այն ուղղությունները, որոնց ԵԱՀԿ-ն ակտիվորեն ներգրավված է։ Ներքին գործերի նախարարը, կարևորելով մինչ այժմ կատարված մեծածավալ աշխատանքը, հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵԱՀԿ ծրագրերի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանին։
Տուուլա Յռյոլան պատրաստակամություն է հայտնել նաև ԵԱՀԿ համակարգման խորհրդի միջոցով շարունակելու գործուն աջակցությունը անհրաժեշտ ուղղություններով՝ ընդգծելով, որ բարեփոխումների արդյունավետությունը տեսանելի է նաև հանրային հարցումներով, ինչը շատ կարևոր է։
«Ցանկանում եմ անվերապահորեն հաստատել բարեփոխումները հաջողությամբ ավարտելու և ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը շարունակելու մեր պատրաստակամությունը, ինչը հնարավորություն կտա ունենալ ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանություն, ինչը կապահովի նաև նորաստեղծ ՆԳ նախարարության գործունեության պատշաճ իրականացումը»,- ամփոփել է Վահե Ղազարյանը։
Քննարկմանը անդրադարձ է կատարվել նաև բարեփոխումներին առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, որոնց արդյունավետ լուծման համար ծավալվել է կառուցողական երկխոսություն։

 

Նմանատիպ գրառումներ