Մայիսի 4-ին, Կառավարության նիստում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացրեց «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ստեղծել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ, ուղղաձիգ կառավարմամբ գործող տարածքային ստորաբաժանումներ (ինչպես այժմ գործում է Պարեկային ծառայությունը), որոնց կվերապահվի միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը:
Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ձևավորումից հետո մարզային վարչությունները կլուծարվեն:
Տարածքային ստորաբաժանումների ձևավորման համար նախագծով առաջարկվում է ունենալ բաց մրցույթ, ինչպիսի փորձ ունենք Պարեկային ծառայությունում։
Նախատեսվում է իրականացնել նաև պաշտոնային անվանափոխություն՝ օպերլիազորից անցում կատարելով քրեական ոստիկանի պաշտոնի:
Կմշակվի և կիրականացվի քրեական ոստիկանի որակավորման մեկանգամյա նախնական կրթական ծրագիր, որին կարող են մասնակցել առնվազն բակալավրի որակավորում ունեցող քաղաքացիները և ոստիկանության գործող ծառայողները։
Քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած և վերապատրաստում անցած ծառայողները համարվելու են հավելավճարի ստացում նախատեսող ատեստավորումն անցած՝ դրանով իսկ ապահովելով ծառայության գրավչությունը։
Արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում՝ հաստիքների թվաքանակի ճշգրտման և նյութատեխնիկական հագեցվածության ապահովման ուղղությամբ՝ նշված ստորաբաժանումների արդյունավետ գործունեության համար պայմաններ ստեղծելու նպատակով:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Ոստիկանությունում համայնքային ոստիկանության, պարեկային ծառայության և քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե կհանդիսանան Ոստիկանության պետի տեղակալներ։