ՆԳ նախարարության կողմից ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով իրականացվող մարզային այցելությունները շարունակվում են։ «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակում հերթական կանգառը Շիրակի մարզում էր։
Մայիսի 10-ին Շիրակի պետական համալսարան էին այցելել Պարեկային ծառայության մոնիթորինգի բաժանմունքի պետ Մերի Մինասյանը և Շիրակի մարզի գումարտակի ծառայողները։ Դահլիճում էին Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները։ Հատկանշական էր, որ մասնակցում էին նաև երիտասարդներ, որոնք եկել էին առավել մանրամասն ծանոթանալու պարեկային ծառայություն ընդունելության և քննությունների անցկացման մասին։
Պարեկային ծառայությունում կին ծառայողի առանձնահատուկ դերին, մարդկային ռեսուրսներին, ինչպես նաև հասարակության մեջ առկա կարծրատիպերին անդրադարձավ Պարեկային ծառայության մոնիթորինգի բաժանմունքի պետ Մերի Մինասյանը։ Նա մասնավորապես խոսեց պարեկային ծառայությունում իրականացվող բարեփոխումների ռազմավարության, նոր ներդրվող ստորաբաժանումների մասին։ Նաև ներկայացնելով իր ծառայությունը՝ կարևորեց ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածությունը։
Մերի Մինասյանն անդրադարձավ առկա խնդիրներին, դրանց հաղթահարման ուղիներին և գործիքակազմերին։ Որպես պարեկային ծառայությունում գործող Կանանց խորհրդի նախագահ՝ նա ներկայացրեց խորհրդի գործառույթները՝ ընդգծելով խորհրդի անդամների ներգրավվածությունն ու ակտիվ մասնակցությունը տարբեր միջազգային կոնֆերանսներին, ինչպես նաև մշակութային և սոցիալական կյանքին:
Հանդիպման ընթացքում Շիրակի մարզի գումարտակի պարեկները ցուցադրեցին տակտիկական գոտին, խոսեցին լրակազմի բաղկացուցիչ մասերի և դրանց կիրառության մասին։
«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավը շարունակվում է։