Նախագծերով առաջարկվում է անհրաժեշտ օրենսդրական նախադրյալներ ապահովել Գեղարքունիքի մարզում Ջրային պարեկային ծառայության մասնագիտացված ստորաբաժանման ստեղծման համար, որը կարողանալու է լճի մակերեւույթին ու առափնյա հատվածում իրականացնել պարեկային մասնագիտացված ծառայություն: Վերջինս կտարբերվի ցամաքային հատվածում ծառայության իրականացումից: Այս մասին մայիսի 23-ին ԱԺ նիստի ընթացքում ասել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի զեկուցման ընթացքում:
Փոխնախարարի խոսքով Ոստիկանության համար պետք է նախատեսել որոշակի իրավունքներ, որոնք ծառայողները տեղում կկարողանան իրականացնել:
«Առաջարկվում է սահմանել, որպեսզի լողամիջոցների շահագործմանը ներկայացվող օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս՝ հանցագործություններ կամ վարչական իրավախախտումներ կանխելու կամ բացահայտելու նպատակով կամ հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ոստիկանը իրավունք ունենա կանգնեցնել լողամիջոցը եւ ստուգել նավավարման իրավունքի վկայականը եւ լողամիջոցի շահագործման համար օրենսդրությամբ սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաեւ առերեւույթ անսարքությունների առկայությունը, իրականացնել նավավարի սթափության վիճակի զննություն, լողամիջոցը վարելուց մեկուսացնել ոչ սթափ վիճակում գտնվող անձանց, ստուգել հրդեհային անվտանգության սահմանված կանոնների պահպանումը, տիրապետողի կամ քաղաքացիների ներկայությամբ զննել լողամիջոցը, ինչպես նաեւ փոխադրվող բեռը՝ քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր եւ իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, հանցագործության գործիքներ եւ հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում»,- ասել է փոխնախարար Արփինե Սարգսյանը:
Արփինե Սարգսյանը հայտնել է, որ Ջրային պարեկային ծառայության հիմնական ֆունկցիոնալ բազան լինելու է ջրային ավազաններում եւ առափնյա հատվածներում՝ լողափերում, հանգստյան գոտիներում հասարակական կարգի եւ հովեկների ու մնացյալ քաղաքացիների անվտանգության ապահովումը, արձագանքը իրավախախտումներին ու պատահարներին, ապօրինի ձկնորսության ու որսի դեմ կանխարգելիչ պայքարը, ջրային ավազաններում դժբախտ պատահարների կանխարգելումն ու խեղդվողներին փրկելը:
«Այս պահի դրությամբ Սեւանա լճի մասով ակնկալում ենք ունենալ 4 հիմնական հենակետ՝ Շողակաթ հանրային, Արծվանիստ, Գեղամա լողափ, Թերակղզի հանրային: Իրականացրել ենք ընդունելություն Ջրային պարեկային ծառայությունում, հիմնական շեշտը դրվել է գործող պարեկների վրա, քանի որ սա ավելի բարձր պատրաստվածություն ենթադրող ծառայություն է. անփորձ մարդկանց ընդունել չէինք կարող: Ստուգել ենք դիմորդների լողալու ու սուզվելու հնարավորությունները: Հուլիս-օգոստոս ամիսներին նրանց համար հատուկ վերապատրաստում կիրականացվի»,- հայտնել է Արփինե Սարգսյանը:
Ելույթի ավարտին ՆԳ նախարարի տեղակալը պատասխանել է ԱԺ պատգամավորների հարցերին։