Մայիսի 23-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն աշխատանքային այցով եղավ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումներում։
Ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ, աշխատանքային շրջայց կատարեց հրշեջ-փրկարարական ջոկատներում, հանդիպեց անձնակազմին։
ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Հ․ Սարգսյանը ներկայացրեց մարզային փրկարարական վարչության և ջոկատների շենքային պայմանները, հիմնական, հատուկ և օժանդակ տեխնիկայի հագեցվածությունը, ընթացիկ աշխատանքները, ծառայության կազմակերպման և իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները։
Քննարկվեցին առաջնահերթություն ունեցող մի շարք հարցեր, որոնց ուղղությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ․ մասնավորապես՝ անձնակազմի համալրվածության, որակյալ և հարմարավետ հանդերձանքով ապահովման, տեխնիկական վերազինման, աշխատանքային պայմանների բարելավվման, անձնակազմի պատրաստակամության բարձրացման վերաբերյալ։
Ընդգծելով մասնագիտական վերապատրաստումների կարևորությունը և ունակությունների բարձրացման անհրաժեշտությունը՝ Տնօրենը ենթակա անձնակազմին հորդորեց ակտիվորեն մասնակցել կամավոր ատեստավորմանը, որը հնարավորություն կտա հնարավորինս բարձրացնել վերջիններիս աշխատավարձերը։
Այցի ավարտին Ծառայության տնօրենը ծառայողներին կոչ արեց բարձր պատասխանատվությամբ և զգոնությամբ շարունակել ծառայողական պարտականությունների կատարումը, իսկ ղեկավարներին հանձնարարեց հետևողական լինել ծառայության կազմակերպման և կրման նորմերին՝ բացառելով թերությունները և բացթողումները։
Առաջիկայում նախատեսվում են Ծառայության տնօրենի այցելություններ նաև այլ մարզեր։