Ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով ՆԳ նախարարության կողմից իրականացվող մարզային այցելությունները շարունակվում են։ «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակում հերթական կանգառը Գեղարքունիքի մարզում էր։
Մայիսի 30-ին Սևան քաղաքում անցկացվեց հանդիպում-քննարկում, որը վարում էր պարեկային ծառայության մոնիթորինգի բաժանմունքի պետ Մերի Մինասյանը։
Ներկա էին պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը, վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանը, Գեղարքունիքի մարզի գումարտակի ծառայողները։ Մասնակցում էին Սևանի բազմագործառութային քոլեջի ուսանողներ, համայնքապետարանի, Միասնական սոցիալական ծառայության Սևանի տարածքային կենտրոնի աշխատակիցներ։
Մերի Մինասյանը խոսեց համակարգում իր անցած ճանապարհի մասին, ապա անդրադարձավ ոստիկանության համակարգում կին ծառայողների ներգրավվածության կարևորությանը:
Ներկայացնելով պարեկային ծառայությունում կանանց նպատակային ընդունելության մանրամասները, նա խոսեց համապատասխան կարգի և չափորոշիչների, ծառայության ընձեռած հնարավորությունների ու սոցիալական երաշխիքների մասին։ Խոսելով կին պարեկների դերի ու նշանակության մասին՝ նա նաև անդրադարձավ հասարակության մեջ առկա կարծրատիպերին։
Մերի Մինասյանը ներկայացրեց միջազգային լավագույն փորձը՝ ընդգծելով պարեկային ծառայության կատարելագործմանն ուղղված աշխատանքների անընդհատությունը։
Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը կարևորեց այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները՝ անդրադառնալով հատկապես ջրային պարեկային ծառայության ներդրմանը և պարեկների առջև դրված խնդիրներին։ Խոսելով պարեկային ծառայության կազմակերպման առանձնահատկությունների և իրականացման կարգի մասին՝ նա ընդգծեց հատկապես հասարակական կարգի և անվտանգության ապահովման գործում կին ծառայողների ներգրավվածության կարևորությունը։ Անդրադառնալով Գեղարքունիքի մարզի պարեկների ծառայության արդյունքներին՝ ներկայացրեց այն բարձր ցուցանիշները, որոնց արձանագրումը պայմանավորված է պարեկային ծառայողների պատշաճ աշխատանքով և բարձր պատասխանատվությամբ։ Վաշտի հրամանատարն ընդգծեց այդ գործում հատկապես պարեկային ծառայողների պարբերաբար վերապատրաստումները, որոնք հնարավորություն են տալիս կատարելագործել մասնագիտական որակները։
Գեղարքունիքի պարեկները ներկայացնելով իրենց ծառայության առանձնահատկությունները՝ անդրադարձան պարեկային ծառայությունում ընդունելության, ուսուցման տևողության և այդ ընթացքում գործնական պարապմունքների հագեցվածությանը, ինչն էլ հնարավորություն է տալիս ամրապնդել պարեկային ծառայողների գործնական հմտությունները։ Իսկ իրենց տեխնիկական հագեցվածությանը Գեղարքունիքի պարեկները ներկաներին ծանոթացրեցին տեղում։
«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակում մարզային այցելությունները շարունակվում են։