Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանն այցելել են Սյունիքի մարզ։ Նրանք այցի շրջանակում եղել են Սյունիքի մարզի սահմանային այն անցակետերում, որտեղ հերթապահություն են իրականացնում Ոստիկանության զորքերի ծառայողները։ Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և գնդապետ Հայկ Բաբայանը այցելել են նաև Ոստիկանության զորքերի Սյունիքի մարզի տեղակայման վայրեր, հետևել ոստիկանների ծառայությանը և ծանոթացել կեցության պայմաններին։ Արամ Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել նաև ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա՝ Սիսիանի, Գորիսի և Կապանի բաժինների ծառայողների հետ: Հանդիպումներին ներկա էր նաև Սյունիքի մարզային վարչության ղեկավար կազմը։ Քննարկվել են մարզում օպերատիվ իրավիճակին վերաբերող հարցեր։ Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը տեղում ծանոթացել է առկա խնդիրներին և տվել կոնկրետ հանձնարարականներ, անդրադարձել հատկապես թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումներին և հանձնարարել ակտիվացնել աշխատանքներն այդ ուղղությամբ։ Անդրադարձ է եղել նաև ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև ծառայողական կարգապահությանն առնչվող այլ հարցեր։