Հուլիսի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել է Լիտվայի ՆԳՆ ոստիկանության պատվիրակությանը՝ ոստիկանության գլխավոր կոմիսար, գեներալ Ռենատաս Պոժելայի գլխավորությամբ։
Պատվիրակության կազմում էին նաև Լիտվայի պետական սահմանի պահպանության ծառայության հրամանատար, գեներալ Ռուստամաս Լիուբաժևասը, Միգրացիայի դեպարտամենտի տնօրեն Էվելինա Գուդզինսկայիտեն և Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը:
Ողջունելով հյուրերին՝ Արմեն Ղազարյանը Լիտվայի գործընկերներին ներկայացրեց ՀՀ-ում միգրացիայի կառավարման ոլորտում տեղի ունեցած կառուցվածքային բարեփոխումները, մասնավորապես՝ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության հիմքով նոր կառույցի՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորումը նորաստեղծ Ներքին գործերի նախարարության կազմում:
Փոփոխությունների համատեքստում ծառայության պետը կարևորեց նաև ոստիկանական ծառայությունից քաղաքացիականի անցնելու գործընթացը, ոլորտում կենտրոնացված կառավարման ձև մշակելու հնարավորությունը, իսկ առաջնահերթություններից նշեց գործընթացների թվայնացման օրակարգը՝ ընդգծելով, որ աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրումը 2022 թվականից տեղափոխվել է էլեկտրոնային հարթակ: Նա նաև նշեց, որ համանման եղանակով մոտ ապագայում կթվայնացվեն նաև այլ ծառայություններ, կներդրվի կենսաչափական նոր համակարգ:
Լիտվայի Միգրացիայի դեպարտամենտի տնօրեն Էվելինա Գուդզինսկայիտեն ներկայացրեց իրենց փորձը միգրացիայի կառավարման ոլորտում, արդեն թվայնացված ծառայությունների տրամաբանությունը, համակարգում արձանագրած հաջողությունները: Կողմերը քննարկեցին նաև ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակում ծավալվող համագործակցությունը, տարվող աշխատանքները վիզաների ազատականացման վերաբերյալ ՀՀ-ԵՄ երկխոսության մեկնարկի ուղղությամբ:
Հյուրերը կարևորել են Հայաստանի հետ սերտ փոխգործակցությունն ու հույս հայտնել, որ իրենց այցն առավել կնպաստի ոլորտում երկու երկրների հետագա սերտ համագործակցությանը։
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև միգրացիայի և քաղաքացիության ոլորտում համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։