Հուլիսի 19-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Լիտվայի ՆԳՆ պատվիրակությանը՝ ոստիկանության գլխավոր կոմիսար, գեներալ Ռենատաս Պոժելայի գլխավորությամբ։

Հանդիպմանը ներկա են նաև Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը և Ծառայության տնօրենի տեղակալները։

Կամո Ցուցուլյանը ողջունել է հյուրերին և կարևորել երկկողմ փոխգործակցությունը։ Ծառայության տնօրենը ընդգծել է Եվրամիության «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը, որն իրականացնելու են Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունները՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում /CEPA/ և ԵՄ լավագույն փորձի առաջնահերթություններին համահունչ, ինչի հիմնական նպատակն է, ի թիվս այլ գործողությունների, նաև աջակցել ՆԳ փրկարար ծառայությունում ընթացող բարեփոխումներին։

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել միասնական աշխատանքով նախանշել հետագա համագործակցության ուղղությունները։

Հյուրերը հետաքրքրվել են նաև Հայաստանի փրկարար ծառայության՝ երկրաշարժների հետևանքների հաղթահարման գործնական կարողություններով և հույս հայտնել, որ ոլորտում հայկական փորձը օգտակար կլինի նաև լիտվացի գործընկերներին։

Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի Փրկարար ծառայության և Լիտվայի փրկարար ծառայության դեպարտամենտի միջև համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ աղետների ռիսկի կառավարման, կինոլոգիական և ջրափրկարարական ծառայությունների ոլորտներում փորձի փոխանակման, նաև կրթական ծրագրերի անցկացման հնարավորություններին վերաբերող հարցեր։

 

Նմանատիպ գրառումներ