Ներքին գործերի նախարարության կազմավորման աշխատանքներով պայմանավորված՝ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու և հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվում է ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթաց։

Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի և «Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2147-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 892-Ն որոշման պահանջները՝ ատեստավորման անցկացման համար ձևավորվում է հանձնաժողով։

Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև ՀՀ Ազգային ժողովի մեկ պատգամավոր (համաձայնությամբ), ՀՀ վարչապետի մեկ ներկայացուցիչ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մեկ ներկայացուցիչ և երկու հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչ։

Հանձնաժողովի աշխատանքներին ներգրավվելու համար կարող են դիմել արդարադատության, իրավապահ համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման կամ միգրացիայի և քաղաքացիության ոլորտում վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա գործունեության փորձ ունեցող hասարակական կազմակերպությունները:

Հասարակական կազմակերպությունը, որը ցանկություն է հայտնել մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին, դիմում է ներկայացնում ՀՀ ՆԳ նախարարին։

Սույն հայտարարության համաձայն՝ ձևավորվող հանձնաժողովը անցկացնելու է ՆԳՆ ոստիկանության ծառայողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու և հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորում։

Դիմումը պետք է լինի ամբողջական՝ ներառելով՝ 1․ կազմակերպության անվանումը, 2. կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն, 3. գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, 4․ կազմակերպության կանոնադրությունը (լուսապատճենը), 5․ կարգով նախատեսված պայմանին համապատասխանությունը հավաստող տեղեկություններ, 6․ կազմակերպության այն երկու անդամների տվյալները, ովքեր ընտրվելու դեպքում մասնակցելու են հանձնաժողովի աշխատանքներին։ Մասնակցելու ցանկություն ունեցող հասարակական կազմակերպությունները ստորագրված դիմումները կարող են ներկայացնել՝ ուղարկելով mia@gov.am էլեկտրոնային հասցեին: Հայտարարության տարածման օրը 2023 թ. հուլիսի 24-ն է։

Դիմումները կարող են ներկայացվել 2023 թ. օգոստոսի 8-ը ներառյալ։ Ատեստավորման անցկացման վայրի, օրվա և ժամի մասին ընտրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կտեղեկացվեն լրացուցիչ։ Հարցերի դեպքում նամակ գրել mia@gov.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 011- 56-71-31,011-54-81-39։

Նմանատիպ գրառումներ