Օգոստոսի 2-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, որին ներկա էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Վահե Ղազարյանը ողջունելով ներկաներին՝ շնորհավորեց շրջանավարտներին ակադեմիան հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները ծառայելու են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի բարօրությանը։
Շնորհավորական խոսք ասացին նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Նրանք ընդգծեցին, որ ՆԳ համակարգում բարեփոխումների կարևոր կետերից մեկն էլ պրոֆեսիոնալ կադրերով ծառայությունները համալրելն է, և հույս հայտնեցին, որ նորավարտ մասնագետները կհամալրեն ՆԳ ենթակա ծառայությունների շարքերը։
ՆԳ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2022-2023 ուսումնական տարվա մագիստրոսի, բակալավրի և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ակադեմիան ավարտել է 269 շրջանավարտ։ Առկա և հեռակա ուսուցմամբ՝ «Կառավարում», «Փրկարարական գործ», «Հրդեհային պաշտպանություն», «Քաղաքացիական պաշտպանություն», «Տրանսպորտային և հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում և սպասարկում» մասնագիտությունների գծով 170 ուսանողի շնորհվել է բակալավրի աստիճան։ Իսկ «Ճգնաժամային կառավարում», «Փրկարարական գործ», «Հոգեբանություն» և «Ճգնաժամային իրավունք» մասնագիտությունների գծով 18 շրջանավարտի շնորհվել է մագիստրոսի աստիճան։
Հանդիսավոր միջոցառմանը շրջանավարտները երդվեցին բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց առաքելությունը։