Այսօր Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը:
Տնօրենը ողջունելով հյուրերին՝ Փրկարար ծառայության անունից պատրաստակամություն է հայտնել հետագա ծրագրերի համագործակցության շարունակականության գործում: Հյուրերն իրենց հերթին ներկայացրել են տեխնիկական աջակցության ծրագրի սկզբնական և հերթական փուլերը: Առաջարկվող ծրագիրը, որին կմասնակցեն նաև տարածաշրջանի այլ երկրներ, կօգնի զարգացնել երկրի կարողությունները կլիմայի փոփոխության դեպքում, բարձրացնել մարտահրավերներին դիմադրողականությունը և հարմարվողականությունը:
Ծրագիրը բաղկացած է մի քանի հիմնական բաղադրիչներից. առաջինը տվյալ երկրի համար կլիմայական փոփոխությունների հետ կապված գործողությունների պլանի մշակումն է, երկրորդը՝ համապատասխան կարիքների գնահատումը, երրորդը՝ կարողությունների ձևավորումը:
Ծրագրի ընդհանրական նպատակն է իրականացնել գնահատում և ներկայացնել առաջարկություններ կլիմայի փոփոխության դեպքում բնակչության պաշտպանության և աղետների պատրաստվածության վերաբերյալ: Կ. Ցուցուլյանը հյուրերին ներկայացրել է կլիմայի փոփոխություններով պայմանավորված մեր երկրին բնորոշ սողանքների, վարարումների, քարաթափումների և այլ տարերային աղետների սպառնալիքները:
Որպես կլիմայական փոփոխության մեկ այլ խնդիր, տնօրենն ընդգծել է, որ այժմ էլ հանրապետությունում առկա բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն իրականացնում է կանխարգելման և իրազեկման լայնածավալ աշխատանքներ:
Հյուրերն իրենց պատրաստակամությունն են հայտնել վերապատրաստումների տեսքով աջակցելու ՓԾ անձնակազմին 2024թ. անցկացվելիք լայնամասշտաբ վարժանքին, որին մասնակցելու են ՆԳՆ ենթակայության տակ գտնվող բոլոր ուժերը, ներգրավվելու են ՀՀ բոլոր գերատեսչությունները, ՀԿ-ները, ինչպես նաև հրավիրվելու են միջազգային կազմակերպություններ:
Տնօրենը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը, նշելով, որ համագործակցությունը հեռանկարային է և իրականացվող ծրագրերը խթան կհանդիսանան կլիմայական փոփոխությունների հետևանքով հնարավոր աղետների ռիսկի գնահատմանն ու ճիշտ կառավարմանը:

Նմանատիպ գրառումներ