2023 թ. սեպտեմբերի 17-ին տեղի կունենան Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունները: Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն քվեարկության օրվա դրությամբ 18 տարին լրացած՝ Երևան համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք:
Ներքին գործերի նախարարությունը կազմել և հրապարակել է ընտրությունների նախնական ցուցակները և տեղամասային կենտրոնների հասցեները police.am կայքում:
Երևան համայնքի ընտրողները կարող են իրենց տվյալները ստուգել և ծանոթանալ ընտրական տեղամասերի հասցեներին։ Ցուցակներում տվյալների բացակայության կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում ընտրողները կարող են դիմում ներկայացնել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության տարածքային անձնագրային ստորաբաժանումներ՝ համապատասխան ուղղումներ կատարելու կամ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար։
Հարկ է նշել, որ ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու համար ընտրողները պետք է լիազոր մարմին դիմում ներկայացնեն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 14 օր առաջ, իսկ նշված ժամկետից հետո դիմող անձանց տվյալները կընդգրկվեն ընտրողների լրացուցիչ ցուցակներում:
Եթե քվեարկության օրը ընտրական տեղամաս ներկայացած ընտրողը հայտնաբերում է, որ ընդգրկված չէ ընտրողների ցուցակում, ապա կարող է դիմել ՄՔԾ տարածքային ստորաբաժանում, որը հիմքերի առկայության դեպքում կայացնում է քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու մասին որոշում և տրամադրում համապատասխան տեղեկանք:
Տեղեկանքի հիման վրա տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմում է ընտրողների լրացուցիչ ցուցակ։
Ընտրողների ցուցակներում հնարավոր անճշտությունները բացառելու նպատակով ՆԳ նախարարի հրամանով ոստիկանության ստորաբաժանումներին հանձնարարվել է այցելել համապատասխան տարածքների հասցեներ, կատարել ստուգումներ և անհամապատասխանություններ բացահայտելու դեպքում ՄՔԾ ստորաբաժանումների հետ համագործակցելով՝ իրականացնել ճշգրտումներ:
Գործնականում հանդիպող հիմնական անհամապատասխանությունը օտարերկրյա պետություններում մահացած անձանց վերաբերյալ տվյալների առկայությունն է ընտրացուցակներում:
Նման դեպքերի վերաբերյալ լիազոր մարմնին ծանուցում են մահացածի հարազատները կամ ոստիկանությունը:
Ուստի քաղաքացիներին հորդորում ենք ընտրացուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում դիմել ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներ: