Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և դրա կազմում ձևավորվող ջրային պարեկային ծառայության ստորաբաժանման գործունեության նյութատեխնիկական ապահովման, ինչպես նաև՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կարիքների համար ֆինանսական միջոցների վերաբաշխում կատարելու նպատակով:
Ինչպես նշել է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ջրային պարեկային ստորաբաժանման ստեղծման նպատակը Սևանա լճում և լճի ավազանում իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է, որն իր բնույթով նոր ձեռագիր կապահովի բոլոր առումներով անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալու տեսլականի իրացման հարցում:
«Ջրային պարեկային ստորաբաժանման ձևավորման կապակցությամբ մեր կողմից նախատեսվել է միջոցառումների հետևյալ հաջորդականությունը՝ համապատասխան օրենսդրական բազայի ձևավորում, ջրային պարեկային ստորաբաժանման գործունեության ապահովման նպատակով ֆինանսական միջոցների հատկացում և անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների ձեռքբերում, վերապատրաստման դասընթացների կազմակերպում՝ նոր ձևավորվող ջրային պարեկային ստորաբաժանումը արհեստավարժ ծառայողներով համալրելու նպատակով:
Համապատասխան օրենսդրական բազան արդեն ձևավորված է, իսկ վերապատրաստման դասընթացները նախատեսվում է կազմակերպել 2023 թ. սեպտեմբերից, որոնք նախնական տևելու են 10 շաբաթ։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել՝ ջրային պարեկային ծառայության ստորաբաժանման գործունեության նյութատեխնիկական ապահովման նպատակով լուծելու ֆինանսավորման խնդիրը»,-նշել է նախարարը:
Վահե Ղազարյանը տեղեկացրել է, որ որոշման ընդունման արդյունքում անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով հագեցված ջրային պարեկային ծառայության ստորաբաժանումը ծառայություն է իրականացնելու թվով չորս՝ Շողակաթ հանրային, Արծվանիստ, Գեղամա լողափ և Թերակղզի հանրային հենակետերով: Նախատեսվում է ծառայությունն իրականացնել նաև դրոններով: Բացի այդ, որոշման արդյունքում կբավարարվեն նաև հանրապետության վերջին 4 մարզերում Պարեկային ծառայության ներդրման համար անհրաժեշտ որոշ կարիքները, հատկապես՝ շենքային պայմանները։
Համապատասխան ապրանքները, աշխատանքները և ծառայությունները ձեռք կբերվեն ՀՀ ՆԳՆ ոստիկանության մնացորդային գումարի հաշվին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումն ու ընդգծել, որ այն ուղղված է ջրային պարեկային ծառայության հերթական փուլին. «Սևանա լճում ծառայությունները ուժեղացնելու անհրաժեշտություն ունենք, ջրային ոստիկանությունը գործելու է հետևյալ տրամաբանությամբ. ներդնելու ենք կոմբինացված ծառայություն՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության և Սևան ազգային պարկի համագործակցությամբ։
Այս տարի հանրային լողափերում երկու ջրահեղձության դեպք ենք ունեցել, և ՆԳ նախարարի կողմից նշանակված է ծառայողական քննություն: Տրամաբանությունն այն է, որ գոնե հանրային լողափերում մենք ջրահեղձության դեպքերից պետք է կարողանանք խուսափել»։
Վարչապետի խոսքով՝ Սևանա լճում պարեկային ծառայություն իրականացնելու անհրաժեշտությունն էական փոփոխություններ պետք է բերի. «Պարեկային ջրային ծառայության ներդրումը նշանակում է, որ նաև Սևանա լճում ջրային տրասնպորտային միջոցների երթևեկության կարգի հետ խախտման արձանագրություններ կարող են կազմվել, ալկոհոլի օգտագործված կամ չօգտագործված լինելու ստուգումներ իրականացվել»։
ՆԳ նախարարը հայտնել է, որ ձեռք են բերելու 8 երկտեղանոց սկուտեր, 4 երեք տեղանոց սկուտեր:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ նախատեսվում է պետական բյուջեի ու միջազգային գործընկերների աջակցությամբ 4 մոտորանավակ ձեռք բերել՝ 10 մետր երկարությամբ, որոնք 12 ամիս ծառայություն կիրականացնեն լճում. «Սա նշանակում է, որ Սևանա լճում ձկան որսն օրենքով սահմանվածից դուրս գործնականում լինելու է անհնար: Ուզում եմ նաև հիշեցնել, որ մենք ընթացակարգեր ենք սահմանել, թե ինչպես պետք է իրականացվի որսը Սևանա լճից: Այսօրվանից ոստիկանությունը, մարզպետարանը, շրջակա միջավայրի նախարարությունը պետք է ակտիվ շփումներ իրականացնեն ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների հետ, որպեսզի ներկայացնեն, թե ինչ է տեղի ունենալու»։
Կառավարության ղեկավարը հայտնել է նաև, որ հրավիրվել են միջազգային փորձագետներ Սևանա լճի ձկնապաշարների վերաբերյալ գնահատում իրականացնելու նպատակով: Վարչապետի խոսքով՝ Սևանում առկա են լրջագույն պրոբլեմներ. «Օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով Սևանա լճի մակարդակն այսօր բավականին ցածր է, և մենք պետք է Սևանը դարձնենք առաջնահերթություն, Սևանա լճի մակարդակի բարձրացումը մեզ համար պետք է դառնա առաջնահերթություն»:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության այս որոշմամբ ապահովվում է նաև հանրապետություն ողջ տարածքում պարեկային ոստիկանության ներդրման աշխատանքների իրականացումը. «Վերջին չորս մարզում, որտեղ չկա պարեկային ոստիկանություն, խոսքը Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզերի մասին է, պլանավորում ենք հոկտեմբերին ներդնել պարեկային ծառայություն։ Ամեն ինչ կարծես ընթանում է ըստ պլանավորվածի, բայց դրանով աշխատանքն ավարտած չենք համարի։ Հաջորդ փուլում մեզ համար առաջնային խնդիր է լինելու պարեկային ոստիկանությունում, մասնավորապես՝ կանանց ներգրավվածության աստիճանը բարձրացնելը: Այսօր ընդունվել են ընդունելության դիմումները։ Հոկտեմբերին չորս մարզերում պարեկային ծառայություն հիմնադրելու պահից՝ կսկսվի նոր ուսումնական գործընթացը, որտեղ կանանց ներգրավվածությունը կլինի մոտ 70-80 տոկոս։ Ուզում եմ ուրախությամբ ընդգծել նաև, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող «Գլոբալ գենդերային ճեղքվածք» 2022 թ. ամփոփող զեկույցում, որը գնահատում է տվյալ պետությունում գենդերային հավասարությունը՝ չորս հիմնական ոլորտներում, ՀՀ-ն 146 երկրների շարքում զբաղեցրել է 61-րդ տեղը»: