Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար և ռազմաքաղաքական իրավիճակին:

Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հին նմուշի անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում կատարելու իրավական հիմքը:

Նման որոշման ընդունումը պայմանավորված է դրա անհրաժեշտության բացակայությամբ, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության /ICAO 9303/ կողմից հաստատված՝ անձը հաստատող փաստաթղթերին ներկայացվող ստանդարտներով նման նշում կատարելու պահանջ սահմանված չլինելու հանգամանքով պայմանավորված։ Արդյունքում կբարելավվի նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, քանի որ քաղաքացիները ստիպված չեն լինի ՀՀ-ից մեկնելու յուրաքանչյուր դեպքում այցելել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու համար, ինչն իր հերթին կթեթևացնի անձնագրային ծառայություններում գոյացող հերթերը։

Ըստ հիմնավորման՝ առաջարկվող փոփոխությունը միջնաժամկետ լուծում է, քանի որ սույն որոշմամբ սահմանված՝ անձնագրերը տրամադրվելու են մինչև բիոմետրիկ համակարգի ամբողջական ներդրումը։

Ինչպես նշել է Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը, միայն 2021 թվականին ունեցել ենք շուրջ 500 հազար գործարք: «Ընդհանուր անձնագրային գործարքներից սա բավական մեծ տոկոս է կազմում: 2022 թվականին ունեցել ենք շուրջ 640 հազար գործարք և 2023 թվականի առաջին կիսամյակը չհաշված պիկ ամառային հատվածը՝ արդեն 303 հազար գործարք ենք ունեցել: Մի շատ կարևոր հանգամանք կա պարզապես: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա ներպետական ընթացակարգին չի վերաբերում, այլ արտաքին այլ երկրներին հետ հարաբերություններին է վերաբերում, մենք սահմանել ենք Արտաքին գործերի նախարարության համար եռամսյա ժամկետ իրազեկման համար, որպեսզի օտարերկրյա պետություններն այս մեր պահանջի հանելու մասին իրազեկ լինեն, և մեր քաղաքացիներն օտարերկրյա պետությունների սահմանային անցման կետերում որևէ խնդիրների այս տեսանկյունից չբախվեն: Իրազեկման այս կարևոր կոմպոնենտով պայմանավորված՝ նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ է առաջարկվում 2024 թ. հունվարի 1-ը»,-ասել է փոխնախարարը:

Նմանատիպ գրառումներ