Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության փրկարարական ծառայողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու և հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվում է փրկարար ծառայության փրկարարական ծառայողների ատեստավորման գործընթաց։
Հիմք ընդունելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1. հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի թիվ 882-Ն որոշման պահանջները՝ ատեստավորման անցկացման համար ձևավորվում է հանձնաժողով։
Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեկ պատգամավոր (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության վարչապետի մեկ ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մեկ ներկայացուցիչ և երկու հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչ։
Հանձնաժողովի աշխատանքներին ներգրավվելու համար կարող են դիմել արդարադատության, իրավապահ համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման կամ միգրացիայի և քաղաքացիության ոլորտում վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա գործունեության փորձ ունեցող hասարակական կազմակերպությունները:
Հասարակական կազմակերպությունը, որը ցանկություն է հայտնել մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին, դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին։
Սույն հայտարարության համաձայն՝ ձևավորվող հանձնաժողովը անցկացնելու է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության փրկարարական ծառայողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու և հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորում։
Դիմումը պետք է լինի ամբողջական՝ ներառելով՝ 1․ կազմակերպության անվանումը, 2. կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն, 3. գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, 4․ կազմակերպության կանոնադրությունը (լուսապատճենը), 5․ կարգով նախատեսված պայմանին համապատասխանությունը հավաստող տեղեկություններ, 6․ կազմակերպության այն երկու անդամների տվյալները, ովքեր ընտրվելու դեպքում մասնակցելու են հանձնաժողովի աշխատանքներին։ Մասնակցելու ցանկություն ունեցող հասարակական կազմակերպությունները ստորագրված դիմումները կարող են ներկայացնել՝ ուղարկելով mia@gov.am էլեկտրոնային հասցեին: Հայտարարության տարածման օրը 2023 թ. սեպտեմբերի 28-ն է։
Դիմումները կարող են ներկայացվել մինչև 2023 թվականի հոկտեմբերի 9-ը ներառյալ։ Ատեստավորման անցկացման վայրի, օրվա և ժամի մասին ընտրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կտեղեկացվեն լրացուցիչ։ Հարցերի դեպքում նամակ գրել mia@gov.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 012-31-78-94, 012-31-77-43։

Նմանատիպ գրառումներ