Հոկտեմբերի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Մանֆրեդ Պրոֆացիին։
Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների արդյունքում շուրջ հարյուր հազար մարդ՝ ներառյալ կանայք, երեխաներ, տարեցներ, զրկվել է հայրենիքում անվտանգ, ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքից և ֆիզիկական անվտանգության սպառնալիքի տակ բռնի տեղահանվել Հայաստանի Հանրապետություն։ Նախարարն ընդգծել է, որ հաշվի առնելով միջազգային կազմակերպության հումանիտար բնույթը և իրականացվող հումանիտար ծրագրերը՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը, ուժի կիրառման քաղաքականության հետ մեկտեղ, պետք է արժանանա միջազգային հստակ գնահատականի։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող աշխատանքները` բռնի տեղահանված անձանց գրանցման, կեցության վայրով և առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու ուղղությամբ, նաև շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին` աջակցության համար։
Մանֆրեդ Պրոֆացին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ներկայացրել է Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքներն ու պատրաստակամություն է հայտնել ընդլայնել համագործակցությունը։
Կազմակերպության տարածաշրջանային տնօրենը նշել է, որ հաշվի առնելով ճիշտ հաշվառումների ու վիճակագրական տվյալների կարևորությունը հետագա գործընթացների համար՝ կազմակերպությունը աջակցել և աջակցելու է ՀՀ կառավարությանը ճշգրիտ հաշվառումներ իրականացնելու հարցում և դիտարկում է նաև կացարանների տրամադրման և մնացյալ խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարությանն օժանդակելու վերաբերյալ հարցեր։
Հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ընդլայնելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը։