Կառավարությունն ընդունել է «Գույքը որպես նվիրատվություն ընդունելու և ամրացնելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ Եվրոպական միությունը նախատեսում է Հայաստանի Հանրապետությանն անհատույց՝ որպես սեփականություն, հանձնել 75 միավոր տրանսպորտային միջոց, որն ամրացվելու է Պարեկային ծառայությանը։ Տրանսպորտային միջոցների հանձնումն իրականացվելու է երկու փուլով։ Ներկայումս իրականացվում են 51 միավոր տրանսպորտային միջոցի Եվրոպական միության կողմից Հայաստանի Հանրապետությանը հանձնելու աշխատանքները։ Ծառայության համապատասխան ստորաբաժանումները ներկայումս գործում են ՀՀ 6 մարզում և Երևան քաղաքում: Ինչպես նշել է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, արդեն այս ամսվա վերջին ծառայությունը կգործի հանրապետության ամբողջ տարածքում՝ ընդգրկելով վերջին 4՝ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը։ Ըստ նախարարի՝ ծառայության առջև դրված խնդիրների և գործառույթների արդյունավետ իրականացման համար տարվում են մեծածավալ և ինտենսիվ աշխատանքներ, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն ապահովելու, գույք և տեխնիկա ձեռք բերելու ուղղությամբ։

«Այս համատեքստում, Եվրոպական Միության հետ արդյունավետ գործընկերության շրջանակներում ԵՄ-ի կողմից հայտարարվել է Պարեկային ծառայության համար ամենագնացներ ձեռք բերելու մրցույթ՝ հիմնվելով միության կողմից ընդունված գնման ընթացակարգի վրա, որի արդյունքում գնվել են թվով 75 տրանսպորտային միջոցներ։ Առաջին փուլով այս որոշմամբ Ներքին գործերի նախարարությանը կհանձնվեն արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունում գտնվող 51 ամենագնացները, երկրորդ փուլով՝ մնացյալ 24-ը։ Նշեմ, որ նշված տրանսպորտային միջոցները շահագործվելու են հենց վերջին 4 մարզերում և մինչև ծառայության մեկնարկը կիրականացվեն համապատասխան կահավորման աշխատանքներ»,-ասել է Վահե Ղազարյանը։

Թեմայի առնչությամբ վարչապետը նշել է, որ դեկտեմբերին էլ կգործարկվի Ջրային պարեկային ծառայությունը Սևանա լճում: «Մենք այս պահին ունենք երկու մոտորանավակ, որը ՀՀ -ին նվիրել է ՌԴ կառավարությունը, ևս երկուսը ձեռք ենք բերելու մրցույթով և ևս մեկը՝ կստանանք Եվրամիության անդամ երկրներից մեկից:

Ինչպես դպրոցների և մանկապարտեզների պարագայում, իմ դիրքորոշումը առաջին րոպեից եղել է այն, որ Պարեկային ծառայությունը ոչ մի հին գույք պետք է չունենա: Այսինքն՝ սկսած զենքից, հագուստից, ավտոմեքենաներից, այլ տեխնիկական միջոցներից, մենք Պարեկային ոստիկանությանը ոչ մի օգտագործած գույք չենք տվել»,-ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Ըստ վարչապետի, չնայած ժամանակի բուռն քննադատություններին և Պարեկային ծառայության ստեղծման նկատմամբ հոռետես կարծիքների, այսօր ՀՀ-ում ունենք կայացած փաստ. «Պետք է արձանագրել, որ այսօր ՀՀ ոստիկանությունը, այդ թվում՝ Պարեկային ոստիկանությունը մեր հանրության շրջանում ունի մեծ վստահություն: Շատ կարևոր է, որ այս նոր ծառայությունը ոչ միայն չի նսեմացրել այդ վստահությունը, այլև ավելի է մեծացրել»:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Պարեկային ոստիկանության թափուր հաստիքների համալրման հարցին, նշել է, որ առաջիկայում դրանք մոտավորապես 90 տոկոսով կանայք կլրացնեն: «Այսինքն՝ կին պարեկների թիվը Պարեկային ոստիկանությունում կշատանա: Մենք խնդիր ենք դրել, Կառավարության ծրագրով դա ամրագրված է՝ կին ծառայողների թիվը հասցնել մոտ 35 տոկոսի: Մենք արդեն հետագայում այլ տվյալներ էլ կամփոփենք, թե Պարեկային ոստիկանությունում քանի տոկոսն են, որ ոստիկանության նախկին ծառայողներ են և քանի տոկոսն են, որ ոստիկանություն են եկել քաղաքացիական կյանքից: Այս պահին կարող ենք ասել, որ բոլոր հաստիքները համալրված են բոլոր մարզերում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Արմավիրում և Արարատում: Այսինքն՝ թափուր են մնացել այն հաստիքները, որոնք առաջիկայում մենք պետք է կանանցով համալրենք»,-ասել է վարչապետը:

Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը

World Population Review անկախ միջազգային կազմակերպության 2023 թվականի վարկանիշի համաձայն՝ Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտնել է Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանը հանցավորության ցածր մակարդակով աշխարհում զբաղեցրել է 9-րդ տեղը: Այսինքն, մենք այս քրեածին իրավիճակի հետ կապված՝ աշխարհի լավագույն երկրների ցանկում 9-րդ տեղում ենք:

Իհարկե, Ոստիկանության աշխատանքի մասին խոսեցի, ես ուզում եմ ընդգծել ևս մի քանի գործոններ, որոնք ապահովում են այս միջավայրը: Ուզում եմ հիշեցնել, եթե չեմ սխալվում 2019 թվականին, մենք քրեական ենթամշակույթի հետ կապված օրենսդրական փաթեթ ընդունեցինք, որով քրեական աստիճանակարգության մաս լինելը և քրեական աստիճանակարգություն ստանալը համարվեց քրեական հանցագործություն:

Կարծում եմ, որ մենք այս միջազգային գնահատականով նաև ինչ-որ տեղ տեսնում ենք այդ օրենսդրական փոփոխությունների արդյունքները: Ուզում եմ հատուկ ընդգծել մեր դատախազության, քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն ու նոր որակը: Իհարկե, 9-րդ տեղն աշխարհում շատ բարձր ցուցանիշ է, բայց մեր նվազագույն պլանը պետք է լինի այս ցուցանիշից չնահանջելը և ավելի լավ տեղեր զբաղեցնելը: Ուզում եմ մեր իրավապահ մարմիններին շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար, որովհետև նման ցուցանիշները, իհարկե, երկրներին պատիվ են բերում»,- ասել է Կառավարության ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է, որ ոլորտում առկա է խնդիր ճանապարհատրանսպորտային պատահարների առումով. «Այստեղ էլ մենք պետք է մտածենք, թե էլ ինչ կարող ենք անել, որպեսզի այս խնդիրը լուծենք: Շատ մեծ թվով զոհեր ենք ունենում, և այս տարի մեր վիճակագրության մեջ որպես կարմիր տող երևում է ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թվի ավելացումը: Նախորդ տարի, իմիջիայլոց, մենք նախկինի նկատմամբ նվազում ունեինք: Այս տարի մի քանի հատ խոշոր դեպք ունեցանք, ցավոք, և այդ խոշոր դեպքերն ապահովել են այդ նեգատիվ վիճակագրությունը, բայց եթե նույնիսկ այդ խոշոր դեպքերը չլինեին, դա չի նշանակում, որ խնդրի ծավալը դրանից փոքրանում է: Այստեղ պետք է շատ սկզբունքային լինել»:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ անհրաժեշտ է համագործակցություն լինի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, համայնքների հետ՝ գծանշումներով, ճանապարհային անվտանգության այլ կոմպոնենտներով ապահովելու ուղղությամբ աշխատելու համար:

 

Նմանատիպ գրառումներ