Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն այցելեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա՝ տեղում ծանոթանալու ատեստավորման գործընթացի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին։
Կամո Ցուցուլյանը՝ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանի և ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանի ուղեկցությամբ եղավ տեխնիկական սարքավորումներով հագեցած և հատուկ կահավորված այն լսարանում, որտեղ նախատեսվում է ս. թ. հոկտեմբերի 23-ից անցկացնել ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ծառայողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու և հավելավճար հաշվարկելու նպատակով փրկարարական ծառայողների կամավոր ատեստավորման գործընթացը։
Տնօրենը ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարողին տվեց հստակ հանձնարարականներ և ցուցումներ՝ ատեստավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ։
Այնուհետև ՓԾ տնօրենը շրջայց կատարեց ակադեմիայի տարածքում, ծանոթացավ ուսումնական հաստատության լսարանային պայմաններին, գրադարանին, ՏՏ լաբորատորիային և նյութատեխնիկական հագեցվածությանը, կրթական և վերապատրաստման ծրագրերին, աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններին, հետևեց դասապրոցեսին, զրուցեց պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։
Փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը ՓԾ տնօրենին ներկայացրեց ոլորտին առնչվող ՃԿՊԱ գրադարանում առկա հարուստ մասնագիտական գրականությունը, որն անընդհատ թարմացվում և լրացվում է:
Իր խոսքում տնօրենը նշեց մասնագիտական ոլորտում կրթության նորարարական մեթոդների ներդրման և կիրառման անհրաժեշտությունը, ինչպես նաև ցանկացած խնդրին անհատական լուծում տալու պատրաստակամություն հայտնեց։
Տնօրենը նաև եղավ ակադեմիայի գույքի և տեխնիկայի պահպանման պահեստներում, ծանոթացավ գործնական պարապմունքների համար առկա տեխնիկական միջոցներին և դասընթացների անցկացման հնարավորությունների ամբողջ շրջանակին, տվեց մի շարք հանձնարարականներ։
Հիշեցնենք, որ ատեստացիան բաղկացած է մի քանի փուլից: Ատեստավորման շրջանակներում ստուգվում են ընդհանուր զարգացվածությունը, ֆիզիկական պատրաստականության աստիճանը, մասնագիտական գիտելիքների իմացությունը։ Նշված ողջ գործընթացից հետո, ըստ արձանագրած ցուցանիշների, կբարձրանան ծառայողների սոցիալական երաշխիքները։

Նմանատիպ գրառումներ