Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները Հայաստանի Հանրապետություն են մուտք գործել սեփական մեքենաներով կամ իրենց կողմից վարվող այլ տրանսպորտային միջոցներով։ Որոշ դեպքերում նրանք թույլ են տվել վարչական իրավախախտումներ, որոնք արձանագրվել են ոստիկանների և հանրապետության տարածքում տեղադրված տեսա և լուսանկարահանող սարքերի կողմից։
Շուրջ մեկ ամիս ոստիկանության կողմից ձեռնարկվել են նախազգուշական միջոցառումներ, ինչից հետո իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության:
Սակայն նկատի ունենալով բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգեվիճակը, նաև այն հանգամանքը, որ չեն տիրապետել Հայաստանի Հանրապետության երթևեկության առանձնահատկություններին ու օրենսդրության պահանջներին, առկա օրենսդրության պայմաններում, վերադասության կարգով, վարչարարության շրջանակներում որոշում է կայացվել սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 25-ը ներառյալ նրանց կողմից թույլ տված խախտումները դիտարկել ծայրահեղ անհրաժեշտության վիճակում կատարված։
Ըստ այդմ, կազմված վարչական ակտերը կբեկանվեն և ընթացիկ փուլում գտնվող վարույթները կկարճվեն, իսկ հոկտեմբերի 26-ից սկսած՝ բոլոր խախտումները պատշաճ փաստաթղթավորվելու են և ենթակա են լինելու կատարման։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը բխում է երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգության երաշխավորումից, հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները։