Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաշատում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արտերկրի դիվանագիտական ծառայությունների ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք:
Վարչապետը շնորհավորել է Արարատի մարզի բնակիչներին՝ Պարեկային ոստիկանության նորամուտի առիթով և հույս հայտնել, որ ծառայության աշխատանքին զուգընթաց՝ նրանք իրենց ավելի պաշտպանված կզգան։
«Ուզում եմ շեշտել, որ Ոստիկանության բարեփոխումների առանցքային նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պաշտպանվածության ավելի մեծ զգացումով օժտելն է։ Ընդ որում, Պարեկային ոստիկանության մինչև այս պահի ծառայությունն այդ հետևությանն է մեզ բերում, որ իսկապես սա կարգախոս չէ, որովհետև Պարեկային ոստիկանության հիմնադրմամբ մենք քաղաքացի-ոստիկանություն հարաբերությունների որակն ենք նաև ցանկանում փոխել։
Եվ ուզում եմ ընդգծել բարեվարքության կարևորությունը։ Շատ կարևոր է, որ պարեկային նոր ծառայողներն արդեն իսկ ձևավորված իմիջը որևէ կերպ չխաթարեն և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ամրապնդեն օրենքի գերակայության, օրենքի առաջ բոլորի հավասարության զգացողությունը, որովհետև սրա վրա են կառուցվում պետությունը և պետականությունը։ Եվ մենք սրա մասին որևէ պահ չպետք է մոռանանք։
Ես ուզում եմ արձանագրենք նաև մեր ամենօրյա աշխատանքում Պետություն-Հայրենիք հասկացությունների նոր ընկալումը, որովհետև մեր ընկալմամբ Պետությունը Հայրենիքն է, Հայրենիքը` Պետությունը։ Եվ եթե որևէ մեկը սիրում է իր Հայրենիքը, ուրեմն Հայրենիքը սիրելու իր զգացումը պետք է արտահայտվի Պետությունն ուժեղացնելով, պետական ինստիտուտներն ուժեղացնելով։ Մենք Պարեկային ոստիկանության հիմնադրմամբ ահա շատ կարևոր մի ինստիտուտ ենք ներդնում, որով ամրապնդում ենք մեր Պետությունը»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ Պետությունը միայն պաշտոնյան չէ, պետությունը քաղաքացին է, իրավակարգը, մարդկանց իրավունքները, անվտանգությունը, սեփականությունը, արժանապատվությունը պաշտպանելու այդ գործիքակազմի ամբողջությունն է։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ Պարեկային ոստիկանության հիմնադրման հարցում Կառավարությանն աջակցելու համար։ «Պարեկային ոստիկանության հիմնադրման համար, ընդհանուր առմամբ, ծախսվել է 29 մլրդ դրամ։ Այդ 29 մլրդ դրամից 20 մլրդը ծախսվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, 6 մլրդը տրամադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, 3 մլրդը` Եվրամիության։ Ցանկանում եմ մեր գործընկերներին և Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողներին շնորհակալություն հայտնել այս գործընթացն իրականություն դարձնելու համար։
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել և շնորհավորել Պարեկային ոստիկանությունում ծառայության անցած կանանց և ողջունել նրանց ներկայությունն ու մասնակցությունը։ Մենք բոլորս, իհարկե, հասկանում ենք, որ թե սովորականից ավելի ինչպիսի խոչընդոտներ են նրանք հաղթահարել և հաղթահարում։ Ենթադրում եմ` այս թեմայով բարդ խոսակցություն են ունեցել իրենց ընտանիքի անդամների հետ, միջավայրի բարդություններն են հաղթահարել և հաղթահարում, բայց ուզում եմ իմանաք, որ մենք ձեզ քաջալերում և ողջունում ենք: Շնորհակալ ենք, որ այդ պատասխանատվությունը վերցնում եք ձեզ վրա»,-ասել է վարչապետը` տեղեկացնելով, որ առաջիկայում Պարեկային ոստիկանությունում նոր ընդունելություն է կազմակերպվելու` 300 նոր ծառայողով համալրվելու համար: Այդ 300 ծառայողների շուրջ 80 տոկոսը լինելու են կանայք։
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Պարեկային ոստիկանությունում ծառայող կանայք իրենց անձնվեր աշխատանքով, օրինակով կքաջալերեն նաև մյուսներին, որովհետև, նրա խոսքով, կարևոր է, որպեսզի ընդհանրապես Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը մեծանա։
«Հարգելի՛ ներկաներ, հարգելի՛ գործընկերներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս և առաջին հերթին Պարեկային ոստիկանության մեր ծառայողներին, մաղթում եմ հաջողություն, աշխատանքի մեջ նախանձախնդիր, հետևողական և սկզբունքային լինելու պատասխանատվություն։ Համոզված եմ, որ այդպես էլ կլինի, որովհետև այստեղ, ի վերջո, ծառայության են անցել այն մարդիկ, ովքեր անցել են համապատասխան պատրաստություն։ Նրանց պատրաստության մակարդակը ստուգվել է, և քննությունների արդյունքներով նրանք ծառայության են անցել Պարեկային ոստիկանությունում։
Շնորհավորում եմ բոլորիս և բարի երթ եմ մաղթում հանուն Հայաստանի Հանրապետության»:
Ելույթ է ունեցել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը․
«Մեծարգո՛ պարոն Վարչապետ, Դիվանագիտական կորպուսի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, հարգելի՛ հյուրեր, տիկնա՛յք և պարոնա՛յք, Հանրային բարձր գնահատականի արժանացած պարեկային ծառայության զարգացումը շարունակական է և խորհրդանշում է արդիական ոստիկանություն ունենալու և կատարելագործվելու մեր մշտական ձգտումը, կամքն ու վճռականությունը: Այսօր ծառայությունը ներկայանում է արդեն Արարատի մարզում՝ կրթական նոր ստանդարտով որակավորված, նոր կերպարով, նոր սպառազինությամբ, նոր մեթոդաբանությամբ, նոր փիլիսոփայությամբ։ Համոզված եմ, որ Արարատի պարեկները լիարժեք և արժանապատվորեն կկատարեն առաջադրված բոլոր խնդիրներն ու իրավապահ գործունեության որակապես նոր նշաձող կհաստատեն մարզում, որն անընդատ բարձրացվելու է ծառայության արդյունավետ գործունեությամբ։ Ուզում եմ շեշտել, որ ոստիկանության բարեփոխումներն ընդհանրապես, պարեկային ծառայության ստեղծումը մասնավորապես հնարավոր է եղել Կառավարության բարձր աջակցության, միջազգային գործընկերների և հանրության լայն աջակցության շնորհիվ։ Հարգելի՛ ծառայողներ, Ներքին գործերի նախարարության կողմից և անձամբ վստահեցնում եմ, որ ծառայության մեկնարկից հետո էլ շարունակելու ենք ապահովել այն բոլոր խնդիրների լուծումը, որոնք ի հայտ կգան ծառայության ընթացքում: Բարի ընթացք և անփորձանք ծառայություն եմ մաղթում Արարատի մարզի պարեկային ոստիկանությանը»։