Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Անդրանիկ Քոչարյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ` հոկտեմբերի 30-ին քննարկվել են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ՀՀ ներքին գործերի նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է վերոնշյալ ուժային կառույցի 2024 թվականի թվային արտահայտությամբ բյուջետային եկամուտներն ու ծախսերը:

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ ներքին գործերի նախարարության ընդհանուր հատկացումները կազմում են 89,484.7 մլն դրամ:

Կիրականացվի երկու ծրագիր` 20 միջոցառում:

Նախագծով նախատեսվող հատկացումները հիմնականում վերագրվում են ընթացիկ ծախսերին` 87,873.6 մլն դրամ, իսկ կապիտալ ծախսերը կազմել են 1,611.1 մլն դրամ:

«Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումների մոնիթորինգ և վերահսկողություն» ծրագրի գծով հատկացումները կազմում են 87,913.0 մլն դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով հատկացումները կազմում են 86,301.9 մլն դրամ, իսկ կապիտալ ծախսերը` 1,611.1 մլն դրամ:

ՆԳՆ աշխատակազմի գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը նշել է, որ ծրագրով իրականացվող Ներքին գործերի նախարարության գործունեության հիմնական նպատակներ են հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական շենքերի կարևորագույն օբյեկտների անվտանգության ապահովումը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը: Արա Ֆիդանյանը կարևորել է նաև ռազմական և արտակարգ դրությունների իրավական ռեժիմի ապահովմանը մասնակցելը, քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը, փրկարարական ուժերի կարողությունների զարգացումը, աղետների վաղ ազդարարման համակարգի զարգացումը, մարդկային կորուստների և տնտեսական վնասների նվազեցումը: Տեխնիկական անվտանգության ոլորտում նա ընդգծել է արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործմամբ պայմանավորված, տեխնածին վթարների, դրանց հետևանքով հասարակությանը եւ տնտեսությանը պատճառվող վնասների ռիսկերի նվազեցումը, միգրացիոն քաղաքականության մշակումը և իրականացումը, Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգի արդիականացումը և բնակչությանը մատուցվող էլեկտրոնային ծառայությունների հնարավորությունների ավելացումը:

«ՀՀ ներքին գործերի նախարարության կրթական ծառայություններ» ծրագրի գծով հատկացումները կազմում են 1.571.7 մլն դրամ:

Ծրագրի նպատակն է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների ձեւավորումը: Ծրագրի շրջանակում միջոցներ են նախատեսվել ոստիկանության ծառայողների նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության գծով:

ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը ներկայացրել է նաեւ 2023 թվականի ինն ամիսների օպերատիվ վիճակը և ընդգծել, որ թեև հանցագործությունների գծով աճ է գրանցվել, բայց այն մի շարք հանգամանքների բերումով կրում է պայմանական բնույթ: Հիմնականում աճել են սպանության, գողության, ավազակության, մեքենաներ գողանալու դեպքերը:

Ըստ բանախոսի` 2024 թվականին ոստիկանության զորքերի փոխարեն կձևավորվի ոստիկանության գվարդիա: Կսկսեն գործել համայնքային ոստիկանության ստորոբաժանումներ:

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը պատասխանել են պատգամավորների բազմաբնույթ հարցերին, որոնք առնչվել են բնագավառի խնդիրներին, ֆինանսական հատկացումներին:

ՀՀ ՆԳ նախարարը տեղեկացրել է, որ 2024 թվականին Մեղրիում նախատեսվում է կառուցել տիպային շենք, որտեղ կգործեն ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հետաքրքրվել է «Նաիրիտ» ՓԲԸ-ում գտնվող վտանգավոր նյութերի ճակատագրով: Ի պատասխան` Արա Ֆիդանյանը փաստել է, որ դրանց վերացման համար պահանջվում է մասնագիտական հսկայածավալ աշխատանք: Ըստ նրա` խնդիրը կլուծվի մոտ ապագայում:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի հարցն առնչվել է ճանապարհային պատահարների թվի աճին: Նախարարը փաստել է, որ բազմաթիվ են պատճառները` սկսած վարորդների միմյանց չզիջելու հանգամանքից մինչև փողոցների լուսավորություն ու գծանշումների բացակայություն, որոնց պատասխանատուն տեղական իշխանություններն են: Վահե Ղազարյանն իրազեկել է, որ 2024 թվականը կհայտարարվի ՃՏՊ-ների դեմ պայքարի տարի:

Ամփոփելով` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ներքին գործերի նախարարությանն օրենսդրորեն լուծելու առկա բոլոր խնդիրները:

 

Նմանատիպ գրառումներ