ՀՀ ներքին գործերի նախարարությունը Արդարադատության նախարարության հետ համատեղ մշակել և շրջանառության մեջ է դրել նախագծերի փաթեթ, որն ուղղված է ոստիկանության իրավասու մարմինների ընդունած վարչական ակտի, գործողության կամ անգործության դեպքում վարչական դատարանի ծանրաբեռնվածության նվազեցմանը, կայացված վարչական ակտերի արդյունավետ իրականացմանը և վարչական վերադասության կարգով ակտերի բողոքարկման վարույթի արդյունավետության և դերի բարձրացմանը։ Փաթեթով սահմանված փոփոխությունների շրջանակներում նախատեսվում է․
• Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված իրավախախտումների համար նշանակված տուգանքի գումարի առնվազն 50 տոկոսը տուգանք նշանակելու մասին որոշումը ստանալուն հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում կամովին վճարելու դեպքում իրավախախտում կատարած անձանց նկատմամբ նշանակված տուգանքի վճարման պարտականությունը համարել պատշաճ կատարված։ Ընդ որում՝ օրենքի գործողությունը սահմանված դեպքում և կարգով կարող է տարածվել նաև մինչ օրենքի ընդունումը կայացված վարչական ակտերի վրա։ Փոփոխությունը նպատակ ունի ապահովելու վարչական ակտերի սեղմ ժամկետում իրականացումը և հանգեցնելու վարչական ակտերի հասցեատերերի շրջանում վարքագծային նորմերի փոփոխության,
• Սահմանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարմինների կողմից կայացված վարչական ակտերի և դրսևորած գործողությունների և անգործության վերադասության կարգով բողոքարկման/գանգատարկման պարտադիր պահանջ,
• Վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա հայցերի հարուցմամբ չծանրաբեռնել Վարչական դատարանը՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համար իրավական հնարավորություն սահմանելով արձանագրության հիման վրա համապատասխան վարչական ակտի կայացման, որոնք անհրաժեշտության դեպքում հետագայում հնարավոր կլինի բողոքարկել դատական կարգով,
• ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավասու մարմինների կողմից կայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերի դեմ դատական կարգով գանգատարկման համար սահմանված պետական տուրքի չափերը վերանայել,
• ՀՀ ՆԳՆ ոստիկանության ընդունած վարչական ակտերի դատական կարգով վիճարկման գրավոր դատաքննության ընթացակարգ սահմանել:
ՀՀ ներքին գործերի նախարարությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է մինչև նոյեմբերի 15-ը փաթեթի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում։
Նախագծերի փաթեթին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով e-draft.am։