ՆԳ նախարարությունը նոյեմբերի 2-ը հայտարարել էր «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման օր։

Երևանի գնդի պարեկները հեռուստատեսությամբ ներկայացրել են պարեկային ծառայության ընդունելության մրցույթի առանձնահատկությունները։

Նույն օրը ՆԳ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջի ուղիղ եթերում ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը պատասխանել է պարեկային ծառայությունում ընդունելության մրցույթում դիմորդներին ներկայացվող պահանջների վերաբերյալ հարցերին։

Երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում և Ազատության հրապարակում, անցկացվել են իրազեկման միջոցառումներ, որոնց ընթացքում պարեկները պատասխանել են քաղաքացիներին հետաքրքրող հարցերին, նաև ցուցադրել են մեքենաների տեխնիկական հագեցվածությունն ու հատուկ միջոցները։

Նշենք, որ պարեկները իրազեկման աշխատանքներ են իրականացրել նաև հանրապետության բոլոր մարզերում:

Իրազեկման միջոցառումները քաղաքացիներին միաժամանակ հնարավորություն են տալիս տեղում հանձնել ընդունելության մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր։

Միջոցառումների ընթացքում ներկայացվել են նաև պարեկային ծառայության ընձեռած հնարավորությունների, սոցիալական երաշխիքների, այդ թվում՝ Կրթահամալիրում անցկացվող ուսումնառության վերաբերյալ մանրամասներ։
Տարբեր իրավիճակներում պարեկների ծառայության կազմակերպման և գործառութային այլ հարցերից բացի, քաղաքացիներին հետաքրքրում էր նաև ծառայությունում հատկապես կանանց ներգրավվածության առանձնահատկությունները։

«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակում միջոցառումները շարունակվում են։
Հիշեցնենք, որ Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳ նախարարության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթի դիմումներն ընդունվում են մինչև նոյեմբերի 30-ը։

Նմանատիպ գրառումներ