Ներքին գործերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որն ուղղված է ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև դրանով իսկ հասարակական կազմակերպությունների և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության համագործակցության ամրապնդմանը։
Նկատի ունենալով Ներքին գործերի նախարարության ստեղծման հիմքում ընկած սկզբունքները, նախարարության գործունեության նկատմամբ, այդ թվում՝ քաղաքացիական վերահսկողության երաշխավորումը, Նախագծով մասնավորապես առաջարկվում է․
• Ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիք նախատեսելու նպատակով քաղաքացիական հասարակությանը ներգրավել ապաստան հայցող անձանց ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեությանը՝ կենտրոնին օժանդակելու և այնտեղ հասարակական վերահսկողություն իրականացնելու համար սահմանելով հասարակական դիտորդների խմբի կազմավորման իրավական հնարավորություն։
• Ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողությունն իրականացնել ՀՀ ներքին գործերի նախարարի հաստատած՝ մրցութային կարգով ընտրված հասարակական դիտորդների խմբի միջոցով։ Ընդ որում, ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողության իրականացման կարգը, խմբի կազմը և իրավասությունների շրջանակը նույնպես սահմանվելու է ՀՀ ներքին գործերի նախարարի կողմից։
• Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետը սահմանել 3 տարի, իսկ խմբի անդամների առավելագույն թիվը՝ 21 դիտորդ։
Հատկանշական է, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված դիտորդական խմբեր օրենսդրությամբ արդեն իսկ նախատեսված են պատիժ կատարող հիմնարկների և մարմինների գործունեությանը օժանդակելու նպատակով, ինչպես նաև ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով։ Նշված վայրերում հասարակական դիտորդների խմբերի դրական փորձը փաստում է, որ նման խմբերի գործունեությունը նպաստում է թափանցիկ և հաշվետու գործելաոճի ապահովմանը և պետական մարմինների՝ քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ համագործակցության ամրապնդմանը։
Նախագծին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով
ՀՀ ներքին գործերի նախարարությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է մինչև նոյեմբերի 28-ը Նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում։