Նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության որոշմամբ սահմանվել է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը՝ համաձայն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թ. մարտի 22-ի ՀՕ-109-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի:
Որոշման ընդունմամբ կապահովվի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի պահանջը, մասնավորապես՝ կսահմանվի էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը։
«2023 թվականին ընդունվել է համապատասխան օրենսդրական փաթեթ, որով հնարավորություն է ընձեռվում ընտանիքում բռնության դեմ պայքարի շրջանակներում զոհերի պաշտպանությունն իրականացնել ավելի արդյունավետ եղանակով, այն է՝ նաև էլեկտրոնային հսկողության միջոցների, այսպես կոչված՝ բրասլետների կիրառմամբ: Արդյունքում, բռնարարի նկատմամբ կիրառվելու է էլեկտրոնային հսկողության միջոց թե՛ անհետաձգելի միջամտության, թե՛ պաշտպանական որոշումների շրջանակներում: Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման կարգը: Հսկողության ամբողջ գործընթացն իրականացվելու է թվային եղանակով, որը թույլ կտա առանց մարդկային միջամտության հասկանալ, թե բռնարարը խախտե՞լ է իրեն ամրացված էլեկտրոնային հսկողության միջոցով էլեկտրոնային հսկողության կարգը, թե՝ ոչ: Եվ եթե այո, ապա ավտոմատ համակարգը ահազանգի միջոցով նույնականացնելու է խախտումը և ոստիկանությանը թույլ է տալու հետագայում ձեռնարկելու համապատասխան միջոցներ», – նշել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
ՆԳ նախարարը ընդգծել է նաև, որ նախագծի ընդունումը կհանդիսանա առաջընթաց քայլ՝ ընտանիքում բռնության դեմ պայքարի գործում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության իրավասու ծառայողների ջանքերը տեխնոլոգիական լուծումների միջոցով առավել արդյունավետ դարձնելու առումով։
«Նախագծի ընդունումից հետո քայլեր են ձեռնարկվելու մրցութային համապատասխան ընթացակարգով կազմակերպություններ ներգրավելու և համակարգի ներդրումն ապահովելու ուղղությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա աշխատատար գործընթաց է, ներառելու է համապատասխան ծրագրային մշակումը, սերվերային կարողությունների կարգաբերումը, առաջարկվում է նախագիծը ուժի մեջ դնել 2025 թվականի հուլիսի 1-ից: Իհարկե, ջանքեր ենք գործադրելու, որ մինչև անգամ նշված ժամկետը կարողանանք համակարգն ունենալ և անհրաժեշտության դեպքում այս ժամկետը հետագայում կփոփոխենք», – նշել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Վարչապետն այս թեմայի շրջանակում նշել է. «Ինչպես տեղյակ եք, Հայաստանի Հանրապետությունում ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով որոշակի սահմանափակումներ են կիրառվում բռնություն կիրառած անձի նկատմամբ: Այսինքն՝ որոշակի դեպքերում և սահմանված կարգով, որոնցից մեկը, օրինակ, բռնության ենթարկված մարդուն կամ բռնության ենթարկվելու պոտենցիալ վտանգի տակ գտնվող մարդու նկատմամբ որոշակի հեռավորություն պահելն է, այսինքն՝ նրան մոտենալու կամ նրա բնակության վայրին մոտենալու որոշակի արգելքը և սահմանափակումը: Իհարկե, սա գործնականում կիրառել առանց տեխնիկական միջոցների՝ շատ դժվար է, և մենք, երբեմն, նման իրադրությունների ականատես ենք դառնում, երբ մեր իրավապահ մարմինները պատշաճ արագությամբ չեն արձագանքում: Ուստի այս որոշումը կարևոր է նրանով, որ էլեկտրոնային եղանակով արդեն կարող ենք այդ հեռավորության ապահովումը ստուգել, և դա չապահովելու պարագայում արդեն ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի: Կարծում եմ, սա շատ կարևոր կարգավորում է: Ընդհանուր առմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում էլեկտրոնային այս սարքերը սկսել ենք կիրառել տարբեր նպատակներով, հիմա նաև Պրոբացիայի ծառայության կողմից է կիրառվում: Նաև գիտեք, որ 2023 թվականից տնային կալանքը մտավ որպես խափանման միջոց»:
«Վերջերս նաև շատ բովանդակային քննարկում ենք ունեցել, կան առաջարկներ ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենսդրության բարեփոխումների, լավարկումների վերաբերյալ: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,-հավելել է կառավարության ղեկավարը: