Բռնության զոհ կարող են դառնալ բոլորը՝ անկախ ազգությունից, սեռից, տարիքից, սոցիալական կամ այլ կարգավիճակից։ Տարբեր են նաև բռնության տեսակները՝ ֆիզիկական, հոգեկան, սեռական, ֆինանսական, ընտանեկան և այլն։ Բռնության ինչ տեսակ էլ լինի՝ անթույլատրելի է, նաև՝ քրեորեն պատժելի։
Եթե չխոսվի, չբարձրաձայնվի բռնության մասին, այն կդառնա շարունակական, անելանելի, նաև անդառնալի հետևանքներով։ Ուրեմն, եթե կա բռնության ռիսկ, այն պետք է կանխել ժամանակին՝ հետագա դեպքերը կանխելու համար։
Օրեր առաջ Գուգարքի ոստիկանները բացահայտեցին խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպք։
Լոռու մարզի Ձորագյուղ համայնքի մի բնակիչ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների տարբեր օրերի գնացել է համագյուղացու տուն և, օգտվելով նրա անչափահաս աղջկա անօգնական վիճակից ու ընտանիքի անդամների բացակայությունից, բռնություն գործադրելով անչափահասի նկատմամբ, կատարել է սեռական բնույթի գործողություններ։ Այն կրել է շարունակական բնույթ, բացի այդ, տղամարդը գումարի դիմաց նման առաջարկներ է արել նաև մեկ այլ անչափահասի, նաև նրանց մորը։
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալ չափահաս բնակիչը հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է, ապա կալանավորվել է», -նշեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության ընտանեկան բռնության կանխարգելման բաժնի ավագ տեսուչ Մարինե Բաղդասարյանը։
Այս դեպքում սեռական բռնությունը կարող էր շարունակվել, եթե հանցագործությունը չբացահայտվեր ոստիկանների օպերատիվ աշխատանքի արդյունքում։
Անչափահասի նկատմամբ կատարվող սեռական բռնությունը ամենածանր հոգեկան տրավմաներից է, որն առաջացնում է ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական խորը հետևանքներ։
«Ինչպես ենք այդ երեխաներին բացահայտում։ Հենց առաջին հանգամանքը, որ այդպիսի երեխա կա և նա փոխվել է առհասարակ, նկատում ենք նրա վարքագծային ասոցիալ դրսևորումներով։ Եվ, անմիջապես, մանկավարժահոգեբանական աջակցող թիմը՝ հոգեբանը, ուսուցչի օգնականները, դասղեկը մոբիլիզացնում են իրենց դաստիարակչական ներուժը և սկսում են աջակցել այդ երեխային աջակցության ոլորտում», – նշեց մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Մարտիրոսյանը։
Ըստ հոգեբանի՝ բռնարարները հիմնականում լինում են անչափահասի ծանոթների շրջանակից։
«Ինչպիսի՞ հիմնական հոգեբանական հետևանքներ են ունենում բռնության ենթարկված երեխայի համար սեռական ոտնձգությունը․ դրանք կարող են երեխայի մոտ առաջացնել տարաբնույթ ֆիզիկական, հոգեկան, անձնային, հուզական վարքային դրսևորումներ։ Օրինակ, կարող են առաջանալ տարաբնույթ վախեր, տագնապային խանգարումներ, դեպրեսիա, երեխաները դառնում են օտարված, մեկուսանում են շրջապատից, նրանց մոտ միջանձնային հարաբերություններում տարաբնույթ դժվարություններ են առաջանում և՛ մեծահասակների հետ հարաբերություններում, և՛ հասակակիցների», – ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու Նաիրա Նազարյանը։
Հարգելի՛ ծնողներ, եթե ձեր երեխայի մոտ նկատում եք վարքագծի փոփոխություն՝ հետևանքները կանխելու և մասնագիտական ճիշտ ուղղորդում ստանալու նպատակով՝ դիմեք համապատասխան մասնագետների։
Բռնության դեպքերին ժամանակին արձագանքելը կարևոր նշանակություն ունի հետագա դեպքերը կանխարգելելու համար։ Լռելը վտանգավոր է, բռնությունը կանխել է պետք։