Դեկտեմբերի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։
Վահե Ղազարյանը ողջունել է դեսպանին ու շնորհավորել նշանակման կապակցությամբ։
Նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների արդյունքում տասնյակ հազարավոր մարդկանց Հայաստան բռնագաղթելուց հետո ստեղծված իրավիճակն ու բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման ուղղությամբ նախարարության կատարած աշխատանքը։
ՆԳ նախարարը կարևորել է նաև Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը տարածաշրջանի երկրների համար ենթադրում է կայուն, անվտանգ միջավայր և կարող է հանդիսանալ որպես խաղաղության երաշխիք։
Էրիկ Դե Մույնքը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ խոսել է երկկողմ սերտ ու արդյունավետ համագործակցության մասին և Բելգիայի կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել ու ընդլայնել այն։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախարարության կազմավորման, համալրման գործընթացը, ինչպես նաև ենթակա ծառայություններում՝ Ոստիկանությունում, Փրկարար, Միգրացիայի և քաղաքացիության ծառայություններում բարեփոխումների ընթացքը։
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև վիզաների ազատականացման, անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործընթացին և համագործակցության հետագա ուղղություններին վերաբերող հարցեր։