Դեկտեմբերի 11-ին ՆԳՆ ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։
Ներկա էին ոստիկանության պետի տեղակալները, ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր։
Կարևորելով համակարգում բարեփոխումների ռազմավարությունը՝ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անդրադարձավ առանցքային այն խնդիրներին, որոնց լուծումը պահանջում է ամենօրյա հետևողական և բարեխիղճ աշխատանք՝ օրենքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքով:
Արամ Հովհաննիսյանն անդրադարձավ ամանորյա տոներին ընդառաջ իրականացվող ուժեղացված ծառայությանը։ Հանձնարարեց մայրաքաղաքի և մարզերի տոնավաճառներում, շուկաներում, զվարճանքի և այլ մարդաշատ վայրերում կազմակերպել ուժեղացված ծառայություն:
Ոստիկանության պետը շեշտեց՝ պետք է բացառել կարգապահական թեկուզ աննշան խախտումները՝ ոստիկանի բարեվարքությունը համարելով կարևոր նախապայման համակարգի վարկն ու հեղինակությունը բարձր պահելու գործում:
Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի համոզմամբ՝ քաղաքացիների հետ շփումներում նոր մոտեցումների որդեգրման, հանցավորության դեմ ամենօրյա հետևողական պայքարի, հասարակական կարգի պահպանման և ծառայության այլ ոլորտներում տքնաջան աշխատանքի արդյունքները տեսանելի կլինեն միայն այն դեպքում, երբ համակարգի յուրաքանչյուր ծառայող դրսևորի բացառիկ պատասխանատվություն և օրինակելի վարք։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին հանրապետությունում օպերատիվ իրավիճակը, արձանագրված հանցագործությունների դեպքերը։
Քննարկվեցին նաև ծառայողական կարգապահության, ոստիկանության բարեփոխումներին ու տարածքներում օպերատիվ իրավիճակին վերաբերող այլ հարցեր։

Նմանատիպ գրառումներ