Դեկտեմբերի 14-ին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարության Պահպանության դեպարտամենտի պետի առաջին տեղակալ-ոստիկանական, ռազմականացված և պահակային պահպանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մաքսիմ Միրոնովի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով ներկաներին՝ Արամ Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու երկրների Ներքին գործերի նախարարությունների միջև ձևավորված համագործակցությունը։ Նա ընդգծել է հատկապես համագործակցության զարգացման հնարավորությունները՝ անդրադառնալով փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրվող ջանքերին։
Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարության Պահպանության դեպարտամենտի պետի առաջին տեղակալ Մաքսիմ Միրոնովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարևորել է երկկողմ արդյունավետ համագործակցությունը, երկու պետություններում հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ իրականացվող աշխատանքները։
Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Բելառուսի ՆԳ նախարարությանը՝ հայկական կողմին ծառայողական շներ տրամադրելու համար, ինչը ոստիկաններին կօգնի օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներում առավել արդյունավետ կատարելու իրենց խնդիրները։
Հանդիպման ավարտին ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը պարգևատրել է պատվիրակության անդամներին։
Պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են խոնարհել՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, իսկ Ցեղասպանության թանգարանում ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։