«Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ղեկավար խորհրդի նիստ, որին մասնակցում էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, Եվրամիության պատվիրակության, Ներքին գործերի և Արդարադատության նախարարությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ։

Բացման խոսքում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է 2023 թ. ընթացքում կատարված աշխատանքի վերաբերյալ մանրամասներ։

«Ուրախ եմ, որ այս ղեկավար հանձնաժողովի նիստին մենք, հաշվի առնելով նաև ծրագրի անվանումը, ի դեմս ՆԳ նախարարության՝ ունենք նոր ինստիտուտ, նոր կառույց, որը ծրագրի հիմնական շահառուներից է: Ուրախ եմ, որ նույն տեմպով շարունակում ենք ՆԳՆ շրջանակներում մեր գործընկերների հետ շատ սերտ համագործակցությունը»,- իր խոսքում նշել է Արփինե Սարգսյանը:

Արփինե Սարգսյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ սերտ համագործակցության և ոստիկանության ոլորտի բարեփոխումների կենսագործմանը նպաստելու համար։

Ելույթ է ունեցել նաև ՄԱԶ ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Նա նշել է, որ ավարտին է մոտենում ծրագրի միայն այս շրջափուլը, իսկ համագործակցության նոր փուլի մեկնարկի ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ։

Եվրամիության պատվիրակության Քաղաքական և մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլը և Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանն անդրադարձել են հաջողված փոխգործակցությանն ու ստանձնած հանձնառություններին։

Կողմերը բարձր են գնահատել ծրագրի շրջանակներում արձանագրված ձեռքբերումները և պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը։

Նմանատիպ գրառումներ