ՆԳ նախարարությունը շարունակում է քաղաքացիական հասարակության հետ թեմատիկ քննարկումները։
Հերթական քննարկմանը մասնակցում էին ձերբակալվածների պահման վայրերում, պատիժը կատարող հիմնարկներում և մարմիններում գործունեություն ծավալող դիտորդական խմբերի անդամներ, տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։
Աշխատանքային քննարկումն անցկացվել է դեկտեմբերի 20-ին՝ «Ձերբակալված անձանց պահման վայրերում քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներն ու հասարակական դիտորդական խմբերի գործունեությունը» թեմայով, որին մասնակցում էր ՆԳ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Նա կարևորել է քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտ գործիքակազմերի ուժեղացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչը թույլ կտա օբյեկտիվորեն դիտարկել ոլորտային խնդիրներ, նախանշել ինստիտուցիոնալ լուծումներ։

«Քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտ գործիքակազմերի ուժեղացումն ու ընդլայնումը ՆԳՆ ձևավորման տրամաբանության մեջ է»,-նշել է Արփինե Սարգսյանը։

Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ձերբակալվածների պահման վայրերում հասարակական դիտորդական խմբերի աշխատանքին, խոսել է ՆԳ նախարարության ձևավորման տրամաբանության մեջ նրանց գործունեության նոր կարգի սահմանման անհրաժեշտության մասին։ Անդրադառնալով ապաստան հայցող անձանց ժամանակավոր կացարաններում հասարակական դիտորդական խմբերի առաքելության վերաբերյալ օրենքի նախագծին՝ նա ներկայացրել է նախարարության հետագա գործողությունների տեսլականը։

ՆԳ փոխնախարարն առաջարկել է դիտարկել ձերբակալվածների պահման վայրերում գործող հասարակական դիտորդական գործունեության կարգի խնդիրները, ապաստան հայցող անձանց ապաստարաններում և ձերբակալվածների պահման վայրերում գործունեություն իրականացնող դիտորդական խմբերի անջատ կամ ՆԳ նախարարության ներքո միասնական գործելու հարցերը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող Լաուրա Գասպարյանը ներկայացրել է կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի վերահսկողական գործիքակազմը։

Հանդիպման մասնակիցները ողջունել են նման ձևաչափով քննարկումները և պատրաստակամություն են հայտնել համագործակցելու և ներկայացնելու առաջարկություններ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում քաղհասարակության հետ քննարկել և վերջնական կոնսենսուս ձևավորել հասարակական դիտորդական խմբերի գործունեության նոր կարգի վերաբերյալ, նաև լսել առաջարկներ՝ ձերբակալվածների իրավունքների իրացման գործընթացների փոփոխության մասին, որոնք թույլ կտան հանդես գալ առանձին օրենսդրական նախաձեռնությամբ։

Հանդիպումը կազմակերպվել էր ՆԳ նախարարության և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի կողմից։

Նմանատիպ գրառումներ