2022 թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ձևավորելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հիմքով ՆԳՆ կազմում ձևավորվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (ՄՔԾ)։ Սա, թերևս, միգրացիայի կառավարման ոլորտում ամենախորքային բարեփոխումն է, որը միտված է միգրացիոն գործընթացների կենտրոնացված կառավարմանը:
Նոր մարմնի ձևավորման համատեքստում, փոխվարչապետի որոշմամբ, հաստատվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների վերապատրաստման կարգը: 2023 թ. մայիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում երկշաբաթյա վերապատրաստմանը մասնակցել են ավելի քան 500 աշխատակիցներ, հանձնել թեստային քննություն: Դեկտեմբերին մեկնարկել է բանավոր հարցազրույցների փուլը: Այդ փուլում անցողիկ միավոր ստացած աշխատակիցները կնշանակվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համապատասխան պաշտոններում:
Մշակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կառուցվածքը և կանոնադրությունը՝ քաղաքացիական ծառայության համակարգում կազմված հաստիքացուցակով: Փոփոխությունների առանցքում են նաև քաղաքացուն մատուցվող ծառայությունների որակը և քաղաքացիական բնույթը՝ նախկին՝ ուժային կառույցի մաս լինելու փոխարեն:
Այս տարվա մայիսից Երևանի անձնագրային ծառայություններում ներդրվել է migration.e-gov.am էլեկտրոնային հերթագրման հարթակը, որի միջոցով բեռնաթափվել են մայրաքաղաքի սեզոնային հերթերը, կանոնակարգվել են հերթերի կառավարման գործընթացները:
Քաղաքացուն տրամադրվող որոշ տեղեկանքներ (անձնագրի, հաշվառման հասցեի, հանրային ծառայությունների համարանիշի մասին) հասանելի են դարձել էլեկտրոնային հարթակում՝ խիստ նույնականացման միջոցով:
Գործընկեր գերատեսչությունների հետ աշխատանքի արդյունքում հանրակրթական դպրոցների ընդունելության փաստաթղթերի ցանկից հանվել է հաշվառման և ՀԾՀ տեղեկանքների պահանջը:
ՀՀ կառավարության 2023 թ. սեպտեմբերի 22-ի որոշմամբ՝ ՀՀ տարածքից դուրս գալու համար ՀՀ քաղաքացիները կազատվեն անձնագրում ելքի կնիք (անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում) կատարելու վերաբերյալ պահանջից։ Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թ. հունվարի 1-ից: