Դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագիրը։

Ինչպես նշել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ներկայում անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքը և գույքը կառավարվում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Արտաքին գործերի նախարարության կողմից։

«Քաղաքացիները 2023 թ.-ի փետրվարի 15-ից ստանում են հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրեր և առանց էլեկտրոնային կրիչների նույնականացման քարտեր, քանի որ առկա ենթակառուցվածքներն այլևս արդիական չեն և չեն ապահովում թվային միջավայրում նույնականացման ժամանակակից պահանջները»,-ասել է ՆԳ նախարարը։

Ըստ նախարարի՝ ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի թողարկման ու տրամադրման հետ կապված առկա են էական խնդիրներ՝ ծառայությունների մատուցման որակի հետ կապված: Մասնավորապես՝ եղած պահանջարկը պատշաճ բավարարելու հնարավորություն, հերթերի կառավարում. հերթերի պարագայում ամառվա սեզոնին կուտակումները չափազանց մեծ են լինում, էլեկտրոնային հերթագրման պարագայում՝ հերթը ձգվում է ավելի քան մեկ ամիս:

Ըստ այդմ՝ հարցի հիմնարար և որակյալ լուծումը ոչ թե մարդկային ռեսուրսների պարզ ավելացումն է, այլ թվային լուծումների ներդրումը: Առկա խնդիրներից են՝ սպասարկման ֆիզիկական պայմանները:

Վահե Ղազարյանի խոսքով՝ չնայած Ներքին գործերի նախարարության կազմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստեղծմամբ ՀՀ քաղաքացիությանը և օտարերկրացիներին վերաբերող ծառայությունները փոխադրվում են քաղաքացիական հիմունքներով սպասարկման դաշտ, այսուհանդերձ ՀՀ տարածքում գործող անձնագրային ստորաբաժանումները չունեն բավարար նյութական, երբեմն նաև շենքային պայմաններ։

«Գործընթացների կազմակերպումը ժամանակավրեպ է և ոչ արդյունավետ. ոլորտը տարիներ շարունակ չի արդիականացվել, գործառույթներն իրականացվում են թղթային դիմումներով, ինչի հետևանքով տասնյակ տարիների ընթացքում կուտակվել են գործառնական նշանակության մեծամասշտաբ արխիվներ, ինչը նաև տվյալների անվտանգության տեսանկյունից չափազանց ռիսկային է:

Ծառայությունների մատուցման ցածր որակը՝ քաղաքացիների շրջանում տարիներ շարունակ կուտակվում է բացասական փորձառություն անձնագրային ծառայություններ ստանալու առնչությամբ, ինչը առաջ է բերում հիմնավոր դժգոհություն».-ասել է նախարարը:

Վահե Ղազարյանն ընդգծել է, որ ծրագրի իրականացման արդյունքում պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով կներգրավվի մասնավոր գործընկեր, որը լավագույն փորձն ու գիտելիքները կներդնի Հայաստանում ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացում՝ թե՛ գործառնական, թե՛ շուկայավարման ու առաջխաղացման տեսանկյունից՝ նպատակ ունենալով հասցեագրել և լուծել վերջնական օգտագործողների առջև ծառացած խնդիրները:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ դրա ռազմավարական նպատակը «թվային քաղաքացու» կամ քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումն է, և այստեղ բիոմետրիկ անձնագիրն ունի շատ էական նշանակություն:

Նմանատիպ գրառումներ