Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է նաև ենթակա ծառայություններում քաղաքացիների որակյալ և օպերատիվ սպասարկումը, ինչի ուղղությամբ 2023 թվականին նույնպես իրականացվել են ծավալուն աշխատանքներ։
Հուլիսի 10-ին սկսել է գործել ՆԳՆ Արտաշատի նորակառույց հաշվառման-քննական ստորաբաժանումը, որն անհամեմատ բարձր հարմարավետության պայմաններ է ապահովում սպասարկվող քաղաքացիների համար։ Տրանսպորտային միջոցների գրանցում և հաշվառում իրականացնող անձնակազմի քանակի ավելացմամբ պայմանավորված՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում կատարվող գործարքների քանակը հասել է 200-220-ի՝ նախկին 80-85-ի փոխարեն։
Հարևանությամբ գտնվող ավտոշուկայից ձեռք բերված ավտոմեքենաները գրանցվում և հաշվառվում են առանց նախապես հերթագրման, ինչն ապահովում է քաղաքացիների սպասարկման ավելի բարձր որակ և հարմարավետություն։ Նոր հաշվառման-քննական ստորաբաժանումն ապահովված է ավելի ընդարձակ, միաժամանակ մինչև 12 անձի սպասարկման հնարավորություն տվող տեսական քննության սենյակով, ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող ավտոդրոմով, տարբեր կատեգորիաների համար գործնական քննություն անցկացնելու համար նախատեսված քննական ավտոմոբիլներով, ինչը տեխնիկապես հնարավորություն է տալիս ավելացնելու մեկ աշխատանքային օրվա ընթացքում սպասարկվող վարորդի թեկնածուների քանակը։
ՃՈ Արտաշատի հաշվառման-քննական ստորաբաժանման գործարկումից հետո հերթագրված և դեռևս չհրավիրված անձանց քանակը նվազել է շուրջ 3000-ով։ Հերթագրված անձինք գործարքներ կատարելու համար գրեթե բոլոր հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներ են հրավիրվում հերթագրման հաջորդող օրը։
Վարորդական վկայականների տրամադրման չափանիշների բարձրացման, այդ թվում՝ վարորդական վկայական ստանալու տեսական քննության գիտելիքների ստուգման թեստերը քայլ առ քայլ միջազգային չափանիշերին համապատասխանեցնելու ուղղությամբ 2023 թ. կատարվել են հետևյալ աշխատանքները՝
1. վարորդական վկայական ստանալու տեսական քննության 1 քննական թեստում 10 հարցի փոխարեն ներառվել է 20 հարց՝ ի կատարումն ՀՀ կառավարության 2020 թ. մարտի 26-ի թիվ 385-Ն որոշման 1-ին հավելվածի 15-րդ կետի,
2. մշակվել և գործարկվում է վարորդական վկայական ստանալու տեսական քննություն հանձնելու հնարավորությունը՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն կամ արաբերեն (վարորդի թեկնածուի ընտրությամբ) լեզվով կազմված համակարգչային թեստերի միջոցով՝ ի կատարումն ՀՀ կառավարության 2020 թ. մարտի 26-ի թիվ 385-Ն որոշման 1-ին հավելվածի 14-րդ կետի:
Միաժամանակ, ՀՀ-ն միացել է Եվրոպական պառլամենտի ու խորհրդի 2006 թ. դեկտեմբերի 20-ի թիվ 2006/126/ԵՀ հրահանգով (այսուհետ՝ Հրահանգ) սահմանված՝ համայնքի վարորդական վկայականին ներկայացվող պահանջներին, իսկ ՀՀ կառավարության 2020 թ. մարտի 26-ի թիվ 385-Ն որոշումն (այսուհետ՝ Որոշում) ընդունվել է Հրահանգի կիրարկումը ՀՀ-ում ապահովելու համար ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի հիման վրա ՀՀ վարչապետի 01.06.2019 թ. N 666-Լ որոշմամբ հաստատված հավելվածի պահանջներից ելնելով, հետևաբար ՀՀ-ում տրանսպորտային միջոց վարելու իրավունքին վերաբերող բոլոր իրավահարաբերությունները համապատասխանեցված են միջազգային ստանդարտներին։
Մասնավորապես, ազգային վարորդական վկայականի արտաքին տեսքը, դրանում զետեղվող տեղեկությունները, գործողության ժամկետը, միջազգային վարորդական վկայականներին ներկայացվող պահանջները համապատասխանեցված են «Ճանապարհային երթևեկության մասին» 1968 թ․ Վիեննայի Կոնվենցիայի, իսկ տեսական և գործնական քննությունների ընդունման կարգին, տևողությանը, վայրին, ընդունող պաշտոնատար անձի որակավորմանը վերաբերող հարցերը՝ «Եվրոպական պառլամենտի ու խորհրդի 2006 թ. դեկտեմբերի 20-ի թիվ 2006/126/ԵՀ» Հրահանգին։
Վերջինիս պահանջները ազգային օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով փոփոխվել են տեսական և գործնական քննություններին ներկայացվող պահանջները։ Մասնավորապես, տեսական քննության համար հատկացվող ժամանակը նախկին 15 րոպեի փոխարեն ներկայումս 30 րոպե է։ Գործնական քննությունը նախկինում անցկացվում էր ավտոդրոմներում կամ ավտոհրապարակներում, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ճանապարհային երթևեկության իրական պայմաններում։
Ներկայումս «C», «D», «BE», «CE», «DE» կարգերի և «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի համար գործնական քննությունն անցկացվում է ավտոդրոմներում և իրական երթևեկության պայմաններում, իսկ «B» կարգի համար միայն ճանապարհային երթևեկության իրական պայմաններում։ Փոփոխվել է նաև գործնական քննության տևողությունը։ Նախկինում բոլոր կարգերի ավտոմոբիլների համար 15 րոպեի փոխարեն ներկայումս ավտոդրոմում կամ ավտոհրապարակում գործնական քննությունը հանձնելու համար «AM» ենթակարգի դեպքում տրվում է 15, իսկ «A» կարգի և «A1» և «B1» ենթակարգերի համար՝ 25 րոպե ժամանակ և 45 րոպե ժամանակ՝ «C», «D», «BE», «CE», «DE» կարգերի և «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի համար, իսկ ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննությունը հանձնելու համար տրվում է 25 րոպե ժամանակ «B» և «BE» կարգերի համար, իսկ ավտոդրոմի կամ ավտոհրապարակի բացակայության դեպքում՝ նաև «A» կարգի, «AM», «A1» և «B1» ենթակարգերի համար և 45 րոպե ժամանակ՝ «C», «D», «CE», «DE» կարգերի և «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի համար։
Հիշեցնենք, որ հաշվառման-քննական ստորաբաժանումները, որպես հանրային ծառայություններ մատուցող, օրենքի ուժով դուրս են բերվել ոստիկանության կազմից և գործում են Ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո, ինչի հիմնական նպատակը քաղաքացիական նախարարության կողմից հանրային ծառայությունների մատուցումն է նոր որակով և նոր տրամաբանությամբ։