Ոստիկանության բարեփոխումների շրջանակում շարունակվում է Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով մրցույթի դիմումների ընդունումը։
Դիմել կարող են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ գործող ոստիկանները։
Ընդունելության համար սահմանվել է ընդհանուր 700 մրցութային տեղ: Մրցութային տեղերի 20 տոկոսը հատկացվել է կին դիմորդներին, ինչը կխթանի ոստիկանությունում կանանց ներգրավվածությանը:
Ընդունելության համար կարող են դիմել բարձրագույն կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության մինչև 35 տարեկան և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները: Արական սեռի քաղաքացիներն ընդունելության համար կարող են դիմել, եթե վերոնշյալ պայմաններից բացի, անցել են պարտադիր զինվորական ծառայություն՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Ոստիկանները կարող են դիմել օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում։
Ուսուցումն անվճար է. այն առկա ուսուցմամբ իրականացվելու է ՆԳՆ կրթահամալիրում: Քաղաքացիական անձանց դեպքում ուսման տևողությունը 5 ամիս է, իսկ ոստիկանության ծառայողների դեպքում՝ 2 ամիս։ Ուսման ողջ ժամանակահատվածում քաղաքացիական անձինք ստանալու են նվազագույն աշխատավարձի չափով վարձատրություն, իսկ ոստիկանության ծառայողները՝ ուսման նպատակով գործուղված ոստիկանության ծառայողների համար օրենքով սահմանված աշխատավարձ։
Շրջանավարտները կնշանակվեն Քրեական ոստիկանության ստորաբաժանումներում քրեական ոստիկանի պաշտոններում։
Կրթական այս ծրագրն ավարտած անձինք կհամարվեն ատեստավորված և կստանան համապատասխան հավելավճարներ։
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՆԳՆ կրթահամալիրում հունվարի 26-ը ներառյալ։