Հունվարի 23-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյանի գլխավորած պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում էին Ծրագրի համակարգող Սոֆիո Ցակաձեն, Ծրագրի պատասխանատու Թամարա Բարբակաձեն, Մարդու իրավունքների, ապաստանի, միգրացիայի և եվրոպական իրավունքի փորձագետ Նոեմի Ալարկոն Վելասկոն, ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մարդու իրավունքների և միջազգային պաշտպանության հարցերով փորձագետ Ռաֆայելա դա Կոնսեյսաո Հիլարիո Պասկոալը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նախորդ տարվա դեկտեմբերին մեկնարկած «Հայաստան տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» եռամյա ծրագրի հիմնական ուղղությունները։

Անդրադարձ է կատարվել տեղահանված բնակչության իրավունքների իրացումն ապահովելու, նրանց մատուցվող ծառայությունների բարելավման և աշխատակիցների կարողությունների զարգացման, համապատասխան իրավական ակտերի՝ օրենքների և ենթաօրենսդրական ակտերի լրամշակման աշխատանքներին։

Հատուկ ուշադրություն է դարձվել իրավունքների վերաբերյալ իրազեկման բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը տրամադրվող ծառայությունների մասին տեղեկատվության հասանելիությանը:

Փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Ծրագրի իրականացման գործընթացում ՆԳ նախարարությունը ներգրավվելու է որպես հիմնական շահառու. միգրացիոն քաղաքականության և օրենսդրության մշակման ոլորտում իրավական գործիքակազմերի ներդրումը ՆԳ նախարարության գործառույթների շրջանակում է։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Ծրագրի շրջանակներում առավել ակտիվ համագործակցության վերաբերյալ:

Նմանատիպ գրառումներ