Փետրվարի 9-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ղեկավար Թոմաս Բիկմանասին և միջազգային փորձագետ տիկին Ժիվիլե Նավիցկայտե-Բաբկինին։
Հանդիպմանը ներկա էր նաև ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը։
Փոխնախարար Արփինե Սարգսյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել գերատեսչության նորաստեղծ հանրային հաղորդակցության և իրազեկման ստորաբաժանման կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքի համար։ Նա իր խոսքում առանձնացրել է ինչպես հանրային, այնպես էլ ներքին հաղորդակցության զարգացումը՝ ընդգծելով հաղորդակցության ռազմավարության մշակման անհրաժեշտության մասին, որն ապահովելու է ռազմավարական հաղորդակցության շրջանակներում մեկ ձայնով հանդես գալու հնարավորությունը։
Թոմաս Բիկմանասն ու Ժիվիլե Նավիցկայտե-Բաբկինը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և ներկայացրել վերջին օրերին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության գործընկերների հետ աշխատանքի, ինչպես նաև «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի «Հանրային իրազեկման քարոզարշավի մշակում և իրականացում» գործողության շրջանակներում իրենց առաքելության մանրամասներ։
Նշենք, որ փետրվարի 5-ից 9-ը վերոհիշյալ ծրագրի շրջանակներում Հայաստան էր այցելել միջազգային փորձագետ Ժիվիլե Նավիցկայտե-Բաբկինը։ Նա հաղորդակցման ոլորտում ավելի քան 20 տարվա փորձառություն ունեցող մասնագետ է, աշխատել է Լիտվայի կառավարության, դատական և իրավապահ մարմինների հետ։ Տիկին Նավիցկայտե-Բաբկինը մասնակցել է արտերկրում իրականացվող միջազգային նախագծերի՝ զարգացնելով հաղորդակցման համակարգերը (ներքին և արտաքին), իրականացնելով հանրային իրազեկման և հաղորդակցության հետ կապված արշավներ:
Ծրագրի շրջանակներում Հայաստանում առաջին առաքելության ընթացքում նա աշխատել է ՆԳՆ գործընկերների հետ, ներկայացրել ԵՄ և Լիտվայի իրավապահ մարմինների փորձը՝ ինստիտուցիոնալ փոփոխությունների շրջանակներում հանրային իրազեկման արշավներ նախագծելու և իրականացնելու ուղղությամբ:
Հաջորդ առաքելության ընթացքում փորձագետի և համապատասխան ոլորտի մասնագետների հետ հաղորդակցության ռազմավարության շրջանակներում կմշակվի հանրային իրազեկման քարոզարշավների նախագծման և իրականացման մեթոդաբանության/ձեռնարկի նախագիծ՝ հանրային հաղորդակցության ոլորտում շարունակական արդյունքների հասնելու նպատակով։