Փետրվարի 27-ին տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:
Մասնակցում էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն, իրավաբանական վարչությունների պետերը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության յոթ ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով նրանց նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ մեկ ծառայողի մասով որոշում կայացրեց միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին՝ դադարեցնել ծառայողական քննությունը:

 

Նմանատիպ գրառումներ