Ներքին գործերի նախարարության կողմից մշակվել է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերը՝ աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտը կարգավորող իրավական դաշտը կատարելագործելու և առկա օրենսդրական բացերը լրացնելու նպատակով։

Հարկ է նշել, որ գործող «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1998 թվականին և այլևս չի համապատասխանում միջազգային ընդունված չափորոշիչներին և մոտեցումներին, ինչպես նաև չի կարգավորում արդի մարտահրավերներին դիմակայելու գործընթացները։

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի կառուցվածքը բաժանված է՝ համաձայն աղետների ռիսկի կառավարման գործընթացի հիմնական 3 փուլերի՝
1) աղետների ռիսկի նվազեցում,
2) արտակարգ իրավիճակներին արձագանքում և վաղ վերականգնում,
3) հետաղետային վերականգնում:

Փաթեթի ընդունմամբ կհստակեցվեն և կընդլայնվեն պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները՝ բնակչության պաշտպանության կազմակերպման և իրականացման գործընթացում։
Փոփոխություններով նոր իրավական մակարդակի է բարձրացվում աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում պետություն-մասնավոր փոխհարաբերությունները։ Մասնավորապես՝ կազմակերպությունները, ըստ իրենց գործունեության առանձնահատկությունների, ևս մասնակից են դառնում արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկերի նվազեցման, արձագանքման և վաղ վերականգնման, հետաղետային վերականգնման գործընթացներին:

Ակնկալվող փոփոխություններով սահմանվում են նաև ֆիզիկական անձանց, կազմակերպությունների իրավունքները և պարտականությունները, որոնք պետք է ուղղված լինեն արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացմանը։

Նախագծերի փաթեթը բխում է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներից, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրից և Եվրոպական միության բնակչության պաշտպանության մեխանիզմից։
ՆԳ նախարարությունը պատրաստ է քննարկել նախագծերի հետ կապված ցանկացած առաջարկ, ինչը կնպաստի Աղետների ռիսկի կառավարման բլոկում նոր ստանդարտների նախատեսմանն ու ամրապնդմանը։

Մանրամասները

Նմանատիպ գրառումներ