Ապրիլի 13-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակազմի մասնակցությամբ տեղի է ունեցել «Բարեփոխումները անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով։ Նպատակը ՀՀ-ում միգրացիայի կառավարման ոլորտում նախաձեռնված բարեփոխումների շրջանակում՝ անձը հաստատող փաստաթղթերի, մասնավորապես՝ միգրացիայի և անձնագրի կապի, նորաստեղծ կառուցվածքային միավորների, դրանց ինստիտուցիոնալ հիմքերի քննարկումն էր։ Մասնակցում էր նաև ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության ղեկավար անձնակազմը:
Քննարկվել են անձը հաստատող փաստաթղթերի թողարկման վարչության, փաստաթղթավորման, անձնագրային աշխատանքների համակարգման բաժինների և 47 տարածքային ստորաբաժումների աշխատաոճի, որակի ապահովման, ծառայությունների մատուցման, գիտելիքահեն ծառայությունների մշակման, ենթակառուցվածքների ամրակայման, քաղաքացիակենտրոն սպասարկման, աշխատակազմի կարողությունների զարգացման և մի շարք այլ գործընթացների բարելավման հարցեր։
ՄՔԾ պետ Արմեն Ղազարյանն իր խոսքում անդրադարձել է անձնագրային ծառայությունների թվայնացման կարևորությանը՝ նշելով, որ արդեն իսկ բոլոր ուղղություններով մեկնարկել են Ծառայության լիազորությունների տիրույթում իրականացվող գործընթացների թվայնացման աշխատանքները։ Հատկանշվել են բնակչության պետական ռեգիստրի բարեփոխման, քաղաքացիության գործընթացների թվայնացման, կացության կարգավիճակների տրամադրման թվայնացման, պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով կենսաչափական համակարգի ներդրման գործընթացները՝ որպես երկարաժամկետ և մշտական լուծումներ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՄՔԾ բարեփոխումներն ու նոր կառուցվածքը, քննարկվել են անձնագրային ոլորտի մարտահրավերներն ու լուծումները։ Մասնավորապես՝ ընդգծվել են Զանգերի կենտրոնի ձևավորման կարևորությունը, տարածքային ստորաբաժանումների աշխատանքի մշտադիտարկումը, տեսաձայնագրող տեխնիկայի ներդրումը, սպասարկման և հաղորդակցության հմտությունների ստանդարտների կիրառումը։ Ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանի խոսքով՝ նշված բոլոր աշխատանքները մեկնարկել են որակի ապահովման առանցքային սկզբունքով։
Քննարկվել է նաև քաղաքացիական ծառայության համակարգ և այդ շրջանակում թափուր հաստիքները համալրելու մեխանիզմներ անցումը։
Անդրադարձ է եղել նաև քաղաքացիակենտրոն սպասարկմանն ուղղված խնդիրներին։
Հանդիպման մասնակիցները հարց-պատասխան ձևաչափով քննարկել են ընթացիկ մի շարք հարցեր, մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց փաստաթղթավորման վերաբերյալ։