Ապրիլի 23-ին Երևանում կայացել է «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագրի փակման արարողությունը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Ներկա էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԿ-ի ճանապարհային երթևեկության անվտանգության հիմնադրամի ղեկավար Էնիկա Հենրին, ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, հյուրեր։
«Եթե ծրագրի մեկնարկին ՆԳ նախարարությունը որպես ոլորտի քաղաքականություն մշակող մարմին դեռևս չկար իր չափաբաժնով, ապա այս պահի դրությամբ, որպես ոլորտում նաև կարևոր դերակատարում ունեցող նախարարություն, արդեն իսկ գործում է, և մենք ծրագրային արդյունքները փորձում ենք ծառայեցնել հենց այս ոլորտի քաղաքականության մշակման մեր հիմնախնդրին»,-իր խոսքում նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Արփինե Սարգսյանն անդրադարձել է ճանապարհատրանսպորտային պատահարների նվազման ուղղությամբ նախարարության կողմից իրականացված միջոցառումներին՝ իրազեկման, տվյալների վերլուծության, վարքագծային փոփոխությունների կայունացման, թիրախային ուղղություններով կատարված աշխատանքների շարունակականությանը:
Փոխնախարարի խոսքով՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակների իրացման հիմքում հասարակություն-պետություն փոխգործակցությունն անհրաժեշտություն է։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից ձեռնամուխ ենք եղել Պարեկային ծառայության ներդրման աշխատանքներին, և արդեն 2023 թվականի ավարտին ծառայությունը ամբողջ հանարպետությունում գործում է և նաև իր նպաստն է բերում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման անչափ կարևոր գործընթացին»,-նշել է Արփինե Սարգսյանը:
Արփինե Սարգսյանը նշել է, որ Օպերատիվ կառավարման կենտրոնի հենքով ստեղծված վերլուծական նոր գործիքը պիլոտավորման փուլում է, որի կիրառումը թույլ կտա առավել ապացուցահեն գործընթաց ապահովել։
Անդրադառնալով վարքաբանական փոփոխությունների համատեքստում իրականացված սոցիալական արշավին՝ փոխնախարարը նշել է, որ այն վարորդները, որոնք տարվա ընթացքում բազմաթիվ խախտումներ են ունեցել, նույնականացվել են և, արշավի արդյունքներով, նրանց կողմից ճանապարհային երթևեկության խախտումների 18 տոկոս նվազում է գրանցվել։
Քրիստինե Ղալեչյանն իր խոսքում նշել է, որ տրանսպորտային միջոցների թվի ավելացման և երթևեկության ինտենսիվության բարձրացմանը զուգահեռ ավելանում են ճանապարհային երթևեկության մասնակիցների վարքաբանական խնդիրներով պայմանավորված անվտանգության ռիսկերը։ Նրա խոսքով՝ նմանատիպ նախաձեռնությունները ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում քաղաքականություն մշակողներին թույլ են տալիս տվյալների վերլուծության և վարքագծային միջամտությունների շնորհիվ փաստահեն որոշումներ կայացնել։
Նաթիա Նացվլիշվիլին մատնանշել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կիրառված նորարարական մեթոդաբանությունների կարևորությունը։ Նրա խոսքով՝ ծրագիրը նպաստել է Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների, մարմնական վնասվածքների և մահացության թիվը նվազեցնելու ուղղությամբ առավել համակարգային և համապարփակ նախաձեռնությունների խթանմանը։
ՄԱԿ-ի ճանապարհային երթևեկության անվտանգության հիմնադրամի ղեկավար Էնիկա Հենրին ընդգծել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ նմանօրինակ ծրագրերի կարևորությունը։ Նա նշել է, որ հիմնադրամի նպատակն է հեղափոխել ճանապարհային անվտանգության միջոցառումներն ամբողջ աշխարհում՝ ապահովելով անվտանգ միջավայր երթևեկության բոլոր մասնակիցների համար:
Ծրագրի ղեկավար Էլեն Սահրադյանը ներկայացրել է իրականացված աշխատանքները՝ անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարների սև կետերի իրական ժամանակում վերլուծող հարթակին, որը մշակվել է ավելի քան 23 հազար վթարների տվյալների վերլուծության հիման վրա։ Այդ առումով իրականացվել են վարքաբանական միջամտություններ, աշխատանք է տարվել ավելի քան 21 հազար կարգազանց վարորդի հետ։
Ծրագրի շրջանակում համադրվել են մի շարք մեթոդաբանություններ, այդ թվում՝ տվյալների վերլուծություն, թվայնացում, վարքագծային փոփոխությունների խթանում։
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակում կատարվել են ճանապարհների վթարավտանգ հատվածների բացահայտման, քարտեզագրման և երթևեկության բարելավման աշխատանքներ։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի կողմից միջպետական Մ-1 ճանապարհի Պռոշյան համայնքի հատվածում իրականացվել է պիլոտային միջամտություն։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Միհրան Հակոբյանը ներկայացրել է ծնողների և երեխաների համար մշակված՝ ճանապարհային անվտանգության և պատահարների հետևանքով վնասվածքների կանխման վերաբերյալ կրթական ծրագրի մանրամասները։ Կրթական ծրագիրը փորձարկվել է Տավուշում, Լոռիում և Երևանի 25 մանկապարտեզներում. ներգրավված են եղել ավելի քան 500 երեխա և 800 ծնող։
Ծրագրի արդյունքների ներկայացմանը հաջորդել է պանելային քննարկումը: Բանախոսներն էին ՄԱԿ-ի ճանապարհային երթևեկության անվտանգության հիմնադրամի ղեկավար Էնիկա Հենրին, Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Արևհատ Պողոսյանը:
Բանախոսներն անդրադարձել են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մարտահրավերներին և նորարար մոտեցումներով դրանք հասցեագրելու հնարավորություններին՝ մասնավորապես կարևորելով փաստահեն մոտեցումների դերը։
Անդրադառնալով տվյալների որակի բարելավման, վերլուծական գործիքակազմի ներդրման, այդ շրջանակում խոչընդոտների հաղթահարման հարցերին՝ նրանք մատնանշել են հետագա գործողությունները։
Ծրագիրն իրականացվում էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ճանապարհային երթևեկության անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ։